ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները Հովհաննես Թումանյանի հոբելյանական 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում մայիսի 18-ից 20-ը այցելեցին Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի, ուր ապրել ու ստեղծագործել է Ամենայն հայոց բանաստեղծը:
Այցի նպատակն էր ծանոթացնել Թբիլիսիում ծավալած հայ մեծանուն գրող Հ.Թումանյանի և ժամանակի մտավորականների գործունեությանը, արժևորել նրա անմահ ստեղծագործությունները, գյումրեցի, թբիլիսահայ, վրացի և Վրաստանում ապրող այլ ազգությունների երիտասարդների միջև ստեղծել մշակութային երկխոսություն, հաստատել սերտ հարաբերություններ և իրականացնել փորձի փոխանակում հայրենիքից դուրս գտնվող հայկական կրթամշակութային հաստատությունների հետ, սաներին հաղորդակից դարձնել Թբիլիսիում գտնվող հայկական հոգևոր և մշակութային արժեքներին:
Ծրագրի շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժների ու սաների առաջին կանգառը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնն էր, որտեղ գյումրեցիներին դիմավորեցին և ընդունեցին առանձնակի ջերմությամբ ու սպասումով:
«Այսօր հիրավի ուրախալի օր է մեզ համար, որովհետև նոր կամուրջներ են ստեղծվում Թբիլիսիի և Գյումրիի կրթամշակութային կենտրոնների միջև՝ հիմք հանդիսանալով նոր բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որը կլինի կայուն, հարատև և բեղուն…»,-իր ելույթում նշեց «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Ներկաներին ողջունեց նաև Տեր Տաթև քահանա Մարուքյանը, ով փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը:
Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում գյումրեցի և թբիլիսահայ դեռահասները հանդես եկան համատեղ պատրաստած համերգային ծրագրով. ներկայացվեց հայ գրականության և երաժշտության երկու հսկա վեմեր՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները, հայկական երգն ու պարը, դհոլի, դուդուկի հոգեզմայլ հնչյունները, վոկալ-գործիքային համույթի ելույթները, որոնք մեծ հիացմունք և հիշարժան պահեր պարգևեցին ներկաներին:
Գեղարվեստական ելույթներից զատ ներկաները դիտեցին նաև «Ընտանիք» կենտրոնի կիրառական արվեստի խմբակների սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը և մասնակից դարձան թումանյանական մոտիվներով վարպետաց դասերին: Թբիլիսահայ դեռահասների համար հետաքրքրիր էր մասնակցել բատիկայի, գեղանկարչության և խեցեգործության միջոցով Թումանյանի կերտած կերպարների ստեղծմանը:
Միջոցառումների շարքը շարունակվեց Թբիլիսիի «Կովկասի տուն» մշակութային կենտրոնում, որտեղ փորձի փոխանակում իրականացվեց վրացի և Վրաստանում ապրող այլազգի երիտասարդների հետ:
Եռօրյա այցի շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու սաները հյուրընկալվեցին նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը հետաքրքիր ու ուշագրավ փաստերի մեջբերումներով ամփոփեց Թումանյանի ստեղծագործական ժամանակաշրջանը, հայրենիքին մատուցած նրա ծառայությունը, ինչպես նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունները: Ներկաները Թումանյանին գնահատեցին որպես հայ գեղարվեստական հանճարի ամենավառ անհատականություններից մեկը, ով մարդկության բարձրագույն իդեալների արտահայտիչ էր և մեծ հումանիստ: Թումանյանական ոգեղեն ստեղծագործությունները ևս մեկ անգամ կենդանություն առան կենտրոնի սաների կողմից, ովքեր ներկայացրին «Անուշ» պոեմից Անուշի ու Մոսիի զուգերգը, բանաստեղծություններ, հնչեցրին ծիրանափող դուդուկի կախարդիչ մեղեդին, որը յուրահատուկ ներդաշնակություն հաղորդեց միջոցառմանը:
«Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հյուրընկալող հաստատությունների տնօրեններին հայտնեց իր և կենտրոնի տնօրինության երախտագիտությունը, հանձնեց շնորհակալագրեր ու հուշանվերներ՝ համագործակցության և Վրաստանում հայապահպան գործունեություն իրականացնելու համար՝ փոխադարձաբար ևս ստանալով հուշանվերներ:
Այցի շրջանակում «Ընտանիք» կենտրոնի անձնակազմը մասնակից դարձավ նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում ամեն տարի անցկացվող ավանդական «Վարդատոն»-ին, որը նվիրված է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին: Եկեղեցու բակում գյումրեցիները կարմիր վարդեր խոնարհեցին միջնադարյան վերջին բանաստեղծ Սայաթ-Նովայի շիրիմին՝ որպես հավերժականության մշտամնա նվիրում:
‹‹Ընտանիք›› կենտրոնի սաներն ու մանկավարժները «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին նաև Թբիլիսիի հայկական պատմամշակութային վայրեր. ծաղիկներ խոնարհեցին Խոջիվանքի պանթեոնում հանգչող հայ մեծերի շիրմաքարերին, մոմեր վառեցին Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, ծանոթացան Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորման գտնվելու վայրին:
«Թումանյանը մեր ժողովրդի կյանքն ու հույզերը, ցավն ու պայքարը երգեց ինքնահատուկ, անմիջական զգացողություններով և բարձր արվեստով, նա բոլորիս համար դարձավ հարազատ, իսկապես ազգային-ամենայն բանաստեղծ: 150 տարի անց Թումանյանին ժառանգած սերունդը սրբորեն պահպանում և շարունակում է նրա հայապահպան գործը: Թումանյանը կա և ապրվում է մեզանով»,-իր խոսքում նշեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի կիրակնօրյա դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանը:
Ծրագրի մասնակիցները տպավորված էին, ոգեշնչված և լցված Թբիլիսիիում ապրած «թումանյանական օրերով»: ‹‹Ընտանիք›› կենտրոնի սաներն ու մանկավարժները հրաժեշտ տվեցին գործընկեր հաստատություններին, նոր ձեռք բերած բարեկամներին՝ համագործակցությունը շարունակելու երկուստեք ակնկալիքով և պատրաստակամությամբ:
Վերադառնալով ‹‹Ընտանիք›› կենտրոն՝ մասնակիցներն իրենց տպավորությունները, տեսածն ու լսածը, հանճարեղ Թումանյանի և հայ մեծամեծների մասին նոր բացահայտած փաստերն ու իրողությունները կիսեցին կենտրոնի սաների հետ:
…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և ներկայինն է, գալիքինը…
Ս.Պետրոսյան
22/05/2019