You are here

«Ընտանիք» կենտրոն. «Երբ արթնանում է գարունը» խորագրով բաց դաս

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 5-ին վիտրաժային նկարչության խմբակի մինչև 12 տարեկան սաների նախաձեռնությամբ անցկացվեց  «Երբ արթնանում է գարունը» խորագրով բաց դասը:
Դասի նպատակն էր բացահայտել դեռահասների մասնագիտական ընդունակությունները, ամրապնդել ծնողի նկատմամբ ունեցած հարգանքի և պատասխանատվության զգացումը, ծանոթացնել մեծանուն գրողների՝ մայրության թեմայով ստեղծագործություններին: 
Մոր կերպարը թանկ ու անգնահատելի է բոլորի համար. այս ենթատեքստն էր ընկած բաց դասի հիմքում: Սաները մանկական հոգու անկեղծ թրթիռով գեղեցիկ խոսքեր հղեցին իրենց ծնողներին՝ գնահատելով նրանց առաքինի ու վեհ էությունը: Չնայած նրանք արտասանում էին Շիրազի, Չարենցի, Տերյանի և այլ մեծանուն գրողների ստեղծագործությունները, այնուամենայնիվ,  բանաստեղծությունները  յուրովի մատուցվեցին և հուզեցին  ներկաներին: 
Հետաքրքիր լուծումներով բեմականացվեց մայրական խրատները փոքրիկների կողմից, որոնք մշտապես դաստիարակիչ նշանակություն ունեն: Դիտարժան էր նաև ներկայացված «Մոր կերպարի արտացոլումն արվեստում» խորագրով սահիկահանդեսի ցուցադրումը: 
Փոքրիկ «նկարիչները» դասի ավարտին անակնկալ մատուցեցին մայրերին՝ նվիրելով իրենց ձեռքերով պատրաստած բացիկները:
«Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում գույներն ստացել էին ավելի վառ երանգներ, կարծես գարունն արթնացել էր խոր քնից և ավետում էր սեր ու ջերմություն: 
 
 Հ. Սարգսյան 
      
07/03/2018