Միջոցառման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել հայրենասիրական և դյուցազներգական գաղափարներ, անդրադառնալ ազգային ակունքներին, արժևորել ժողովուրդների էպիկական ժառանգությունը և դեռահասների մեջ զարգացնել թիմային մտածելակերպ:
Երեք օրերի ընթացքում սաները դիտեցին հայկական և անգլիական էպոսների հիման վրա նկարահանված ֆիլմերը և ակտիվ մասնակցեցին խմբային քննարկումներին: Մասնակիցները կատարեցին վերլուծություններ էպոսների պատումների գեղարվեստական հատկանիշների, ազգային էթնոսների ծագման և զարգացման պատմությունների վերաբերյալ՝ հետաքրքրիր զուգահեռներ անցկացնելով դրանց միջև: Ծավալված քննարկումները միտված էին նաև վեր հանելու և ընդգծելու երկու ժողովուրդների մշակութային, ինքնաճանաչողական և ազատասիրական ոգին, կերպարների հերոսական, մարդասիրական և խաղաղասիրական բնութագրումները:
Ֆիլմերի դիտումների արդյունքներն ամփոփվեցին «Դյուցազներգություն» խորագրով խաղ-վիկտորինայի միջոցով: Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:
Նմանօրինակ միջոցառումները յուրօրինակ առիթ են հանդիսանում միջմշակութային երկխոսության ստեղծման համար և նպաստում լեզվամտածողության զարգացմանը:
Զ. Հովհաննիսյան
26/03/2018