You are here

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում

                                         «Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գո՛րծը շարունակեցեք»:
                                                 Մոնթե Մելքոնյան
Հունվարի 31-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին և ՀՀ ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված «Խաղաղության արծիվներ» խորագրով միջոցառում։ 
Հանդիսության պատվավոր հյուրերն էին Գյումրու կայազորի N զորամասի հրամանատարական կազմը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողների ծնողներ, արձակուրդում գտնվող ուսումնարանի զինծառայող սաներ։
Միջոցառման նպատակն էր արժևորել Հայոց բանակի դերը՝ որպես պետականության և անկախության պահպանման երաշխիք, նպաստել դեռահասների հայրենասիրական դաստիարակությանը, կարևորել հայրենիքի պաշպանության սրբազան գործը:
Ցերեկույթն ազդարարվեց ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերմամբ՝  զորամասի փողային նվագախմբի նվագակցությամբ: 
Միջոցառման հանդիսավոր մասում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը շնորհավորեց Հայկական բանակի կազմավորման 28-ամյակը: Օրվա առիթով շնորհակալագիր հանձնվեց Գյումրու կայազորի N զորամասին, ի դեմս հրամանատար գնդապետ Մասիս Հովսեփյանի` ուսումնական հաստատության հետ համագործակցելու, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար: Պարգևատրվեցին նաև կրթօջախների ժամկետային զինծառայող սաները` հաստատության պատիվը բարձր պահելու, օրինակելի զինվորական կարգապահության և մասնագիտական պատրաստվածության համար:
Միջոցառման երկրորդ մասում հնչեցին հզոր և մարտունակ հայկական բանակին նվիրված բազմաթիվ շնորհավորանքներ, ներկայացվեց զինված ուժերի դերն ու կարևորությունը, ազատագրական պայքարի գաղափարական ջահակիր Մոնթե Մելքոնյանի հերոսական կերպարը` որպես հաղթանակների ու հաջողությունների անվիճելի գրավական։ Սաները հանդես եկան ոգեշունչ պարերի, հայրենասիրական երգերի խրոխտ կատարումներով:
«Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն ու պատիվ».-ահա այս պատրաստակամությամբ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և անվտանգության համար:
Երկու կրթամշակութային հաստատություններում հասակ առնող փոքրիկ «Մոնթեները» ծաղիկներ նվիրեցին ծառայության մեջ գտնվող սաների ծնողներին և երախտագիտության խոսքն հղեցին նրանց, որ ծնել ու սնել են քաջարի հայորդիներ, ովքեր ծառայում են հայրենիքին անմնացորդ նվիրումով ու վեհությամբ:
Միջոցառումը եզրափակվեց կենտրոնի պարարվեստի խմբակի սաների հաղթական «Բերդ›› պարով` որպես Հայոց բանակի անսասանության և հայ ժողովրդի միասնության խորհրդանիշ:
 
Հ.Սարգսյան
 
      
01/02/2020