«Եւ դու մանուկ, մարգարէ Բարձրելոյ կոչեսջիր. զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա, տալ գիտութիւն փրկութեան ժողովրդեան նորա ի թողութիւն մեղաց նոցա»:
ՂԿ. Ա 76-77
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի` փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը:
ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` հավատարիմ եկեղեցական ծիսակարգին և տոնի ժողովրդական ավանդությանը, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում բնակիչների հետ համատեղ տոնեց Տրնդեզը: Իշխող տոնական բարձր տրամադրությունը և տոնի խորհրդին հաղորդակից դառնալու ցանկությունը միավորել էր հավատավոր ժողովրդին:
Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցներին իր օրհնաբեր խոսքն ուղղեց Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, ապա հանգամանորեն ներկայացրեց Տեառնընդառաջի քրիստոնեական խորհուրդը և քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարևորությունը: Այնուհետև «Ընտանիք» մանկապատանեկան կենտրոնի պարարվեստի խմբակի սաները հանդես եկան ծիսական երգերի ու ազգագրական պարերի կատարումներով:
Ժողովրդական սովորույթի համաձայն կատարվեց հիմնական ծեսը` խարույկի շուրջ ազգային-հոգևոր տոնակատարությունը, որն իր շուրջ բոլորեց կենտրոնի սաներին և հանդիսականին: Կրակի շուրջ երեխաները սկուտեղի վրա մատուցեցին տոնի հիմնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը:
Միջոցառման մասնակից սաները հանդիսատեսին լիովին փոխանցեցին Տեառնընդառաջի լուսեղեն խորհուրդը:
Ա. Մկրտչյան
18/02/2020