Ֆրանսիական Ֆրատելո /Fratello/ կազմակերպությունը Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ, համաձայն որի ամբողջ աշխարհից Սուրբ ծննդյան տեսարանին բնորոշ կերպարներ պետք է պատրաստվեին, որի արդյունքում պետք է ստեղծվեր միջազգային մսուր և խորհրդանշական կերպով ընծայվեր Հռոմի պապին։
Նախաձեռնության նպատակն էր ամբողջ աշխարհի կողմից Հռոմի պապի համար պատրաստել անակնկալ՝ ի նշան մարդկանց միջև եղբայրության և Եկեղեցու համար կարիքավոր մարդկանց դերի կարևորության։ Նպատակներից էր նաև միջազգային մսուրի զանազան կերպարների միջոցով ցուցադրել Եկեղեցու զանազանությունը և համընդհանրությունը։
Նախաձեռնության մասին տեղեկացանք Œuvre d’Orient կազմակերպության կամավորներ Ժաննայի և Սոֆիի միջոցով։ Հայաստանի համար ընտրված էր Սուրբ Հովսեփի կերպարը, որը սիրով պատրաստեցին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Ռազմիկ Հովսեփյանը /«Ընտանիք» կենտրոնի նախկին սան/ ու Արկադի Արշակյանը՝ վարպետ Ստեփան Մկրտչյանի ղեկավարությամբ։ Ուսանողները նվիրումով և հավատով կատարեցին իրենց գործը՝ կերպարին հաղորդելով կենդանի շունչ ու իրեն բնորոշ բարություն։ Փորագրված կերպարը Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցչի կողմից սիրով տեղափոխվեց Փարիզ, որտեղից էլ ճանապարհ է ընկնելու դեպի Հռոմ՝ համալրելու Սուրբ ծննդյան այն տեսարանը, որով ողջ քրիստոնյաները շնորհավորելու են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը։
Ուրախ ենք, որ Հայաստանն անմասն չմնաց այս միջոցառումից և ի դեմս Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ու «Ընտանիք» կենտրոնի կարողացավ տոներին ընդառաջ ամբողջական դարձնել Սուրբ ծննդյան հիասքանչ տեսարանը։
Թող Մանուկ Քրիստոսի լուսապսակ կերպարն անասելի ուրախությամբ ու հույսով լցնի բոլոր նրանց հոգիները, որոնք այդ պատկերը մեծ սիրով ու երկյուղածությամբ են կրում իրենց սրտերում․․․