«Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ»:
Տիգրան Պետրոսյան
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ Հայաստանի վետերանների քառակի չեմպիոն, սպորտի վարպետ շախմատիստ՝ Ալեքսան Մանուկյանի հիշատակին նվիրված շախմատի բլից մրցաշար:
ՀՀ պատանիների քառաակի չեմպիոն, Գյումրի քաղաքի 17-ակի չեմպիոն ՝ Ալեքսան Մանուկյանը մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ էր, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս: Մարդկային գործունեության երեք ոլորտները՝ գիտությունը, արվեստը, սպորտը միավորող այս մարզաձևում Ալեքսան Մանուկյանի թողած ավանդն անգնահատելի ու անուրանալի է: Սպորտի վարպետի կիսատ թողած նվաճումների ուղին այժմ շարունակում են ոչ միայն իր սաներն, այլև զավակներն ու թոռները, ովքեր անմիջական մասնակիցն ու կազմակերպիչն էին շախմատի բլից մրցաշարի: Կենտրոնի շախմատի խմբավար՝ Քրիստինե Մանուկյանը, մինչ մրցաշարի բացումը, տեսաֆիլմի միջոցով ներկայացրեց շախմատիստ հայրիկի սպորտային ուղին:
Մրցաշարին ներկա էին Շիրակի մարպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Վաչագան Վարդանյանը, տեղակալ՝ Հովհաննես Գաբրիելյանը, Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի տեղակալ Նորիկ Կարապետյանը, Գյումրու «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն՝ Աշոտ Գրիգորյանը, Գյումրու «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ի փոխտնօրեն՝ Վոլոդյա Մնացականյանը, սպորտի ներկայացուցիչներ և շախմատիստներ, ովքեր աշխատել են Ալեքսան Մանուկյանի հետ ու կիսել բազում հաղթական խաղատախտակներ: Սպորտային գործընկերները, խոսեցին, վերհիշեցին Ալեքսան Մանուկյանի շախմատային հաջողությունների, կրթադաստիարակչական գործում վերջինիս ձեռք բերումների մասին, արժևորեցին այն մնայուն հետքը, որ թողել է Ալեքսան Մանուկյանը: Ապագա շախմատիստներին հյուրերը պատգամեցին՝ խաղալ ու ձևավորել սեփական խաղաոճը, ինչպես Հայաստանի վետերանների քառակի չեմպիոնը:
Մրցաշարին իրենց ուժերը փորձեցին II-րդ և III-րդ շախմատային կարգ ունեցող 38 շախմատիստներ։ Մասնակիցները համառ պայքար ցույց տվեցին 9 պարտիաներում: Արդյունքում ՝ 1-ին տեղ զբաղեցրեց Վահագ Մելիք-Սարգսյանը, 2-րդ տեղ ՝ Սամվել Բաբուջյանը, 3-րդ տեղ՝ Էդիկ Խաչատրյանը: Մրցանակային երեք պատվավոր հորիզոնականների հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, շախմատային խնդրագրքերով։ Պատվոգրով պարգևատրվեց նաև ամենակրտսեր մասնակիցը՝ Արամ Արամյանը։ 38 մասնակից շախմատիստներին կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանն ու խմբավար Քրիստինե Մանուկյանը, որպես խրախուսանք նվիրեցին՝ «Տասը պատվիրանները» գրքեր: