You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի սաների նոր նվաճումները

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2022 թվականի փետրվարի 11-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 50-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Թանգարան» խորագրով մրցույթին:

Կենտրոնի` կավագործության, կարպետագործության, կվիլինգի, բատիկայի, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, արծաթագործության, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 35 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան՝ Սաբինա Նովակովան, դեսպանության ներկայացուցիչ՝ Մարիա Զալյանն այսօր այցելեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Փոխդեսպան` Սաբինա Նովակովան անձամբ մրցույթի մասնակից սաներին հանձնեց նվերներն ու շնորհակալագրերը: Հյուրերն այնուհետև շրջեցին կենտրոնում, ծանոթացան հաստատության մշակութային կյանքին, սաների ձեռքի աշխատանքներին, որոնք ներկայացված են ցուցասրահներում: Վերջիններս իրենց տպավորություններով կիսվեցին, հիացմունք հայտնելով շնորհալի սաների տաղանդի և կենտրոնի բազմաբովանդակ ծրագրերի մասին: Փոխդեսպանը կենտրոնի սաներին հորդորեց նաև հաջորդ տարի ևս մասնակցել Լիդիցեի կերպարվեստի հայտարարվող միջազգային մրցույթին:

«Շատ ուրախ ենք և հաճելի է, որ «Ընտանիք»-ն ամեն տարի մասնակցում է այս մրցույթին, շատ լավ արդյունքներ եք տալիս, միշտ հաղթողներ ունեք, այս տարի երկու անհատական հաղթողներ ունեցանք՝ Անահիտ Գևորգյանի և Լիլյա Հովսեփյանի հետաքրքիր աշխատանքներն են, սրտանց շնորհավորում ենք աղջիկներին իրենց գեղեցիկ գործերի համար, երեք խմբային աշխատանք ևս լավագույնն են եղել, որտեղ սաները մեծ ջանքեր են գործադրել, ստանալու չկրկնվող աշխատանքներ: Նշեմ, որ Լիդիցեում ցուցահանդեսը բացված է, ու ձեր աշխատանքներն այնտեղ ցուցադրվում են: Հորդորում ենք ձեզ, որ հաջորդ տարիներին ևս մասնակցեք, վստահ եմ դարձյալ հաղթողներ կունենաք ու մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան` Սաբինա Նովակովան:

«Քայլ- քայլ մեր համագործակցությունն ավելի է խորանալու, և մենք հակված ենք ցանկացած ծրագրեր իրականացնել, որպեսզի զարգացնենք մեր համագործակցությունը: Առաջարկում եմ Ձեզ, որ Չեխիայի նմանատիպ հաստատություններից, եթե կլինեն մանկավարժներ, սաներ, սիրով հրավիրվում ենք Գյումրի և՛ փորձի փոխանակման, և՛ ծանոթացման, դա կլինի ուղիղ կապ, միջմշակութային երկխոսություն: Մեր դռները բաց են բոլորի առաջ»,-ասել է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը:

16/11/2022