«Հայրենիքին քո ուժը տուր» խորագրով ցուցահանդեսը Գյումրու «BenArt» արվեստանոցում բացվեց մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ արցախյան երեք պատերազմներում զոհված հերոսների հիշատակին:
Գեղանկարչության, կավագործության խմբակների սաներին խմբավար՝ Բենիամին Պողոսյանը ներկայացրեց արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսներին, նրանց սխրանքները, պատերազմում վիրավորում ստացած զինակից հայորդիների հերոսական պատումները: Խմբավար Բենիամին Պողոսյանն, ով նույնպես արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, ստեղծել է «Հավերժ ներկաները» խորագրով անմահացած զինակից ընկերների դիմանկարների շարք, որոնց կողքին սաները ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ հայրենիքի, հայ զինվորի կերպարի պատկերացումներով:
Ցուցահանդեսին ելույթի խոսքով հանդես եկավ գեղանկարիչ, արվեստագետ Սամվել Պողոսյանը, վերջինս սաների հետ զրուցեց նկարչական հմտությունների, հայրենիքին ծառայելու, հայրենասեր հայորդիներ ձևավորելու կերպարի մասին:
Բենիամին Պողոսյանի մարտական ընկերներն, ովքեր մարտնչել և վիրավորումներ են ստացել, սաների հետ հանդիպում-զրույցով ամրապնդեցին հայրենիքի պաշտպանության, անվտանգության սրբազան գործի պատկերացումները:
Ցուցահանդեսի ավարտին սաներն՝ «Հայրենիքին քո ուժը տուր» խորագրով պաստառին նկարեցին և գրեցին իրենց երազանքներն ու ցանկությունները խաղաղ հայրենիքի մասին: