Ռադիոյի միջազգային օրվան նվիրված «Մեդիան և մարդիկ» խորագրով ծրագրի շրջանակում՝ մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, բարեկրթության և խոսքի վարպետության խմբակի սաներն այցելեցին «Ռադիո Մարիամ»:
Ռադիոկայանում սաները ծանոթացան մեդիագրագիտության, տեղեկությունների հաղորդման, օպերատիվ լրատվության, ռադիոյի դերի, նշանակության, առանձնահատկություններին և սկզբունքներին:
Շրջելով ռադիոկայանի տաղավարներով, տնօրեն Անի Բաղդասարյանն ու լրագրող-հաղորդավար Արշակ Ադամյանը ներկայացրին ծավալվող աշխատանքները:
Սաներին հնարավորություն տրվեց օգտվել ձայնի կառավարման վահանակից, ձայնագրվել և տեղում խմբագրել թերությունները:
Սաների համար ամենակարևորը ռադիո ուղիղ եթերների հեռարձակման գործընթացն էր, վերջիններիս հետաքրքրությունները բավարարվեցին հենց ուղիղ եթերում:
Ուղիղ եթերում մշակութային և մտերմիկ զրույցը չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ նախ վարեցին սաները, հետաքրքրվելով ռադիոլրագրողի մասնագիտության, ռադիոյի առաքելության մասին: Այնուհետև հաղորդավարները զրույցը շարունակեցին կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավարի և սաների հետ, ովքեր կիսվեցին խմբակներում ձեռք բերած հմտություններով, իրենց նախասիրություններով, և իհարկե մեկօրյա ռադիոշրջագայությունից ստացած տպավորություններով: