Մարտի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տոնական, աշխույժ ու հաղթական մթնոլորտ էր տիրում: Կենտրոնի մանկավարժական անձնակազմը, սաները և ծնողները մեծ խանդավառությամբ, ոգևորությամբ, սրտի թրթիռով և սպասումով դիմավորեցին մանկական նկարչական միջազգային մրցույթի հաղթողներին և հանդիսավոր կերպով նշեցին նրանց հաղթական վերադարձը:
Դեռևս փետրվար ամսին Ռուսաստանի Դաշնությունում ‹‹Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ››-ի կողմից հայտարարված ‹‹Կովկասը պտավոր կատվի տուն›› խորագրով մանկական նկարչական միջազգային մրցույթին ներկայացվել էին ‹‹Ընտանիք›› կենտրոնի գեղանկարչության խմբակի 16 սաների աշխատանքներ:
Մրցույթի նպատակն էր դեռահասների ուշադրությունը հրավիրել կովկասյան բնության ժառանգության պահպանման հարցերին, բարձրացնել էկոլոգիական մշակույթի մակարդակը, աջակցել տաղանդավոր երեխաներին և նպաստել պատանիների գեղագիտական կրթության դաստիարակմանը:
Մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարբեր երկրամասերի պատանիներ:
Միջազգային մրցույթին Հայաստանից հաղթող ճանաչված Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի 6 սան՝ տնօրեն Արթուր Մինասյանի և խմբավար Արթուր Մուրադյանի ղեկարությամբ, հրավեր ստացան հիմնադրամի միջոցներով մարտի 27-ին մասնակցելու Կրասնոդար քաղաքում մրցանակների և պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Կազմակերպիչները առանձնակի ջերմությամբ և ուրախությամբ դիմավորեցին Հայաստանից ժամանած հյուրերին, որոնց ներկայացրած աշխատանքները ճանաչվել էին լավագույնը:
Կայացած մրցանակաբաշխության ժամանակ 13-18 տարիքային խմբում դիպլոմներով և մրցանակներով պարգևատրվեցին Մարիամ Մովսիսյանը /առաջին տեղ/, Արուսյակ Սարգսյանը /երկրորդ տեղ/, Ռոմիկ Նիկողոսյանը /երրորդ տեղ/, 7-12 տարիքային խմբում՝ Մելանյա Ալեքյանը /առաջին տեղ/, Վահե Վարդանյանը /երկրորդ տեղ/, Արուսյակ Մկրտչյանը /երրորդ տեղ/:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ‹‹Ռուսական Կովկաս›› ստորաբաժանման ղեկավար Վ. Շմունկն իր և մրցույթի կազմակերպիչների անունից ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ուղարկել է շնորհակալական նամակ, որտեղ երախտագիտություն է հայտնել ‹‹Ընտանիք›› ՄՊՍ կենտրոնի տնօրինությանը և սաներին՝ մրցույթին բարձր մակարդակով ու կազմակերպվածությամբ մասնակցելու և հաղթելու համար: ‹‹Մրցութային աշխատանքներում հատկապես ուզում եմ առանձնացնել սաների կատարողական տեխնիկան, նրանց մտքի յուրօրինակությունը և ստեղծագործական մոտեցումը››, - գրել է է Վ. Շմունկը:
Ցանկացած ոլորտում հայի ունեցած ձեռքբերումը, աշխարհի ցանկացած վայրում բարձրացված ՀՀ պետական դրոշը յուրաքանչյուրիս պատիվն ու հաղթանակն է. կեցցե՛ք պատանի հայորդիներ հայազգի տաղանդն ու շնորհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու համար:
Հ. Սարգսյան