Փետրվարի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից երրորդ անգամ անցկացվեց ‹‹ԴիջիԿոդ›› կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 40 դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Մրցույթում Շիրակի մարզը ներկայացնում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ‹‹Արմաթ›› ինժեներական լոբորատորիայի սան 13 –ամյա Սահակ Սահակյանը:
Մրցույթի նպատակն էր խրախուսել և զարգացնել դեռահասների ալգորիթմական մտածողությունը, նրանց խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավորներին և հնարավորություն տալ զարգացնելու նրանց ստեղծագործական ունակությունները:
Մասնակիցները մրցում էին մինչև 13 և 13-ից բարձր տարիքային խմբերում` տարբեր անվանակարգերի համար: Հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատմամբ և ՀՀ տարբեր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաների քվեարկությամբ: Վերջինիս արդյունքները հրապարակվեցին միջոցառման ամփոփիչ մասում տեսահաղորդագրությունների տեսքով:
Առաջադրված «Արմաթի մրցանակ» անվանակարգում «Ընտանիք» կենտրոնի սան Սահակը Սահակյանն իր ստեղծած «Help C# To get Programmers Love» խաղով ճանաչվեց լավագույնը՝ արժանանալով հավաստագրի և մրցանակի:
Մրցույթի կազմակերպիչները և ժյուրիի անդամները հորդորեցին մասնակիցներին շարունակել ստեղծագործել և օգտագործել իրենց մտքի թռիչքն ու ծրագրային գիտելիքները՝ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ու մրցունակ դարձնելու համար:
Հ. Սարգսյան