Ծրագրի նպատակն էր ծանոթացնել ֆրանսերենի հարուստ մշակութային բազմազանությանը, ձևավորել և զարգացնել Ֆրանկոֆոնիան ներկայացնելու կարողություններ, կարևորել ֆրանսերենի իմացությունը միջմշակութային կապերի հաստատման գործում, խթանել համագործակցությունը ֆրանսերենի զարգացմամբ և տարածմամբ զբաղվող կառույցների հետ:
Կենտրոնում հյուրընկալված Չադի, Կոնգոյի, Կամերունի, Կանադայի, Չեխիայի, Գվադելուպայի, Ֆրանսիայի ֆրանսախոս «քարավանցիները» շրջեցին արհեստի ու արվեստի ուսուցողական խմբակներում, ծանոթացան սաների պատրաստած աշխատանքներին:
Ծրագրի շրջանակում հյուրերը վերապատրաստման դասընթացներ ու փորձի փոխանակում անցկացրեցին կենտրոնի մանկավարժների հետ: «Քարավանցիները» սաների և ֆրանսախոս պատանիների հետ կազմակերպեցին նաև իրենց երկրների ազգային պարի, թատերական արվեստի, երգի և բիթ բոքսի դասընթացներ, սովորեցրին աշխատել խամաճիկների հետ, մասնակցել տիկնիկային բեմադրություններին ու ձեռք բերել նոր գիտելիքներ այդ բնագավառներում:
Ծրագրի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը, որը կնպաստի Ֆրանկոֆոնիայի տարածմանն և զարգացմանը:
Վ. Նահապետյան
10/10/2018
