Մասնակիցները ներկայացրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ոչ նյութական մշակութային արժեքներից չորսը՝ «Լավաշ ավանդական հացի պատրաստումը», «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը: Լավաշի մասին հետաքրքիր ավանդազրույցներ լսելուց հետո երեխաները դիտեցին ‹‹Կախարդական լավաշը›› մուլտֆիլմը: Այնուհետև դուդուկի խմբակի սաները ներկայացրեցին ծիրանափողը՝ որպես հնագույն գործիք: Նրանց կատարմամբ հնչեցին ժողովրդական երգեր, որից հետո ցուցադրվեց հայ դուդուկի երախտավորների մասին տեսաֆիլմ: Հայկական խաչքարագործության գաղտնիքները, պատմությունը և պատրաստված խաչերը ներկայացրեցին փայտարվեստի խմբակի սաները: ‹‹Խաչքարագործը›› տեսաֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց սաների մոտ: Էպոսի ամփոփ նկարագիրը և ‹‹Սասունցի Դավիթ›› մուլտֆիլմի դիտումն առանձնահատուկ շունչ հաղորդեց ներկաներին:
Միջոցառումը բազմաբնույթ լինելով հանդերձ` իր առանցքում կարմիր գծով տարավ մի ժողովրդի պատմություն, որում ամփոփված ստեղծագործ միտքն անսպառ է:
Մ. Խաչատրյան
