««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակում

Ապրիլի 26-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը: 
Ընդլայնելով իր գործունեության շրջանակները՝ Արմավիրի և Շիրակի մարզերի գյուղական համայնքներից, Ջավախքի կրթամշակութային հաստատություններից զատ, այս տարի ծրագրում ընդգրկվեցին նաև Լոռու մարզի համայնքները: 
Ծրագրի նպատակն էր դեռահասներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, կարևորել արտադպրոցական կրթության դերը, վեր հանել գյուղական համայնքներում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել ազգային արհեստի և արվեստի տարածմանն ու պահպանմանը:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը, ծրագրին մասնակից համայնքների միջնակարգ դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, դեռահասներ, ինչպես նաև ծնողներ և սաներ: Հյուրերը դիտեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքաբնակ դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառման հանդիսավոր մասում ներկաները տեսանյութի միջոցով ծանոթացան ծրագրի 1-ին և   2-րդ փուլերի ընթացքում իրականացրած աշխատանքներին, ներկայացվեցին փաստեր կրթական ծրագրի արդյունավետության և տարեցտարի նկատվող դրական ազդեցության վերաբերյալ: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփելով ծրագիրը` շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց ներկա հյուրերին համագործակցության համար և նրանց հանձնեց շնորհակալագրեր:
«Շատ հուզումնալից և ուրախալի պահ է, որովհետև մենք գտնվում ենք գեղեցիկ ու հաճելի կենտրոնում, որտեղ մթնոլորտը թելադրող է: Ողջունելի է այսպիսի ծրագրերի իրականացումը համայնքների դպրոցներում, առավել ևս սահմանամերձ գյուղերում: Իմ երախտագիտական և խորին շնորհակալական խոսքն են ուղղում կենտրոնի անձնակազմին՝ ի դեմս տնօրեն պարոն Մինասյանի, որ կարողացավ համատեղ ուժերով կազմակերպել երկուստեք հանդիպումներ: Մեր դպրոցում ականատես եղանք այնպիսի գեղեցիկ ակնթարթի, որը միշտ կմնա մեր հիշողության մեջ: Շնորհակալություն Ձեզ»,-նշեց իր ելույթում Աղինի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաչիկ Էլբակյանը:
Պարգևատրվեցին նաև «Ընտանիք» կենտրոնի սաները և համայնքների դեռահասները՝ «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներին ակտիվ մասնակցելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում կենտրոնի տնօրինությանն ու մանկավարժներին այս ուսուցողական ծրագին մասնակցելու համար: Շրջագայելով տարբեր համայնքներ՝ ծանոթացա գյուղական բնակավայրերին, ձեռք բերեցի շատ ընկերներ: Այս ծրագրում ինձ համար ամենակարևորը այն էր, որ հնարավորություն ունեցա կենտրոնում ստացած իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել տարեկիցներիս»,- կիսվեց իր տպավորություններով կենտրոնի խեցեգգործության խմբակի սան Հրաչ Հովհաննիսյանը:
Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների և համայնքների դեռահասների գեղարվեստական ելույթներով:
 
Հ. Սարգսյան
      
04/05/2018