You are here

‹‹Ընտանիք›› կենտրոն. ‹‹100-ամյա հաղթական ղողանջներ›› ծրագրի ամփոփում

Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։
Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ, 
Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, ծնողներ, ստեղծագործող պատանիներ, ինչպես նաև Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաներ և Ջավախք աշխարհի դեռահասներ: 
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով՝ կենտրոնի փողային նվագախմբի կատարմամբ: Հոբելյանական տարելիցի առթիվ հնչած ռազմահայրենասիրական երգերն ու պարերն արտահայտեցին հայի  անսասան կամքն ու հավատը, քաջությունն ու հերոսությունը:
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային և խրախուսանքի արժանացած թեմատիկ աշխատանքների ցուցադրությունը դիտելուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով, ամփոփելով կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների շարքը, շնորհակալություն հայտնեց միջոցառումների մասնակիցներին՝ ներկայության և ծրագրին ակտիվ մասնակցության համար։ 
Կենտրոնի դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, բարոյահոգեբանական զորակցության և բարի կամք դրսևորելու համար ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, փոգնդապետ Մարգարիտա Թարանյանին շնորհվեց ««Ընտանիք» կենտրոնի պատվավոր բարեկամի» կոչում: Վերջինս իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց և կարևորեց «Ընտանիք» կենտրոնի ծավալած ազգանվեր գործունեությունը՝ Արցախի դեռահասներին մշտապես կրթամշակութային բնույթի ծրագրերում ընդգրկելու համար:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը խթանելու և կենտրոնի հետ համագործակցելու համար շնորհակալագրեր տրվեցին կրթական հաստատութունների տնօրեններին ու ներկայացուցիչներին, «Հյուսիսային ազգերի եզդիների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանին, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Վալերի Ավետիսյանին, Միհրան Հակոբյանին և Էդգար Մկրտչյանին։ Վերջիններիս հանդիսատեսը ջերմ և հոտնկայս ծափերով արտահայտեց իր խոնարհումն ու երախտագիտությունը։ 
«Մայիս ամիսը հաղթանակների ամիս է, այս հաղթանակների պատմական տրամաբանությունը սկսվում է Հայկ Նահապետից, Ավարայրից, Սառնաղբյուրից, Բաշ-Ապարանից: Մայիսյան այս հաղթանակներին ավելանում է նաև կենտրոնի կողմից կազմակերպված հրաշալի միջոցառումների շարքը: Այսօրվա խորհուրդը ևս մեկ անգամ փաստեց, որ հաղթանակը տրվում է միայն պայքարողներին, որի վառ ապացույցը մրցույթում հաղթող մասնակիցներն են»,- իր ելույթում նշեց Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը: 
Տնօրեն Արթուր Մինասյանն ամփոփեց նաև փետրվար-ապրիլ ամիսներին անցկացված թեմատիկ ստեղծագործական մրցույթի արդյունքները: Դիպլոմների և հուշամեդալների և պարգևների արժանացան 8-13 և 14-18 տարիքային խմբերում տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները: Տրվեցին նաև խրախուսական պատվոգրեր՝ մրցույթում ստեղծագործական աշխատանք ներկայացրած դեռահասներին:
Հարկ է նշել, որ Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաները, Ջավախքի դեռահասները, ստեղծագործական մրցույթի մրցանակակիրներն ու ակտիվ մասնակիցները, ինչպես նաև զինծառայողներ՝ որպես խրախուսանք, այցելեցին Հայաստանի պատմամշակութային հուշակոթողներ:
«Ես շնորհավորում եմ ողջ հայությանն Առաջին Հանրապետության կազմավորման առիթով և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Ընտանիք» կենտրոնին, քանի որ նման միջոցառումների շնորհիվ մենք զարգացնում ենք նաև պատմության վերաբերյալ գիտելիքները, ոգեշնչվում և դաստիարակվում  հայրենիքի հերոսների օրինակով,-իր տպավորությունները կիսեց շարադրությունների անվանակարգում 14-18 տարիքային խմբում 3-րդ  տեղ զբաղեցրած  Շիրակի մարզի Մարալիկի միջնակարգ դպրոցի աշակերտ Կարեն Հայրոյանը: 
Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ արժևորվեց Մայիսյան փառահեղ հաղթանակները՝ որպես հայ ժողովրդի  լինելության և պայքարի հերոսական գրավական:
 
Հ. Սարգսյան
            
29/05/2018