You are here

«Ընտանիք» կենտրոն. թումանյանական մոտիվներով վարպետաց դասերի Շիրակի մարզի գյուղական համայնքներում

 
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում ապրիլի 4-ից մեկնարկեց թումանյանական մոտիվներով վարպետաց դասեր, որոնք մինչ այժմ անցկացվել են Շիրակի մարզի բարձրադիր Բավրա, Մեծ Սեպասար և Աշոցք համայնքներում:
Կենտրոնի մանկավարժներն ու սաներն արհեստի ու արվեստի վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները, կարողություններն և հմտությունները սիրով ու պատրաստակամությամբ փոխանցեցին համայնքների դեռահասներին:
Համայնքաբնակ դեռահասների և նաև մանկավարժների համար հետաքրքիր էր մասնակցել արհեստի ու արվեստի միջոցով Թումանյանի կերտած կերպարների ստեղծմանը: Թատերական արվեստի, խեցեգործության, ուլունքագործության, բատիկայի, գեղանկարչության, պարարվեստի, վիտրաժային նկարչության միջոցով դպրոցականները կենդանություն հաղորդեցին թումանյանական իրենց սիրելի հերոսներին: 
«Շատ տպավորված ու ոգևորված եմ: Նմանօրինակ աշխատանքներին մասնակցությունը բավական հետաքրքիր էր և նորություն ինձ համար: Այն յուրօրինակ էր իր մատուցման ձևով, քանզի թումանյանական աշխարհը պատկերում ենք հենց արհեստով ու արվեստով: Շնորհակալություն նման հնարավորության համար: Ես նկարել եմ «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության գլխավոր հերոսին, որը կդառնա խոսուն վկա և անընդհատ կհուշի Հովհաննես Թումանյանի հոբելյանական ամյակի և «Ընտանիք» կենտրոնի մասին»,-իր տպավորություններով կիսվեց Բավրա համայնքի 14-ամյա դեռահաս Անուշ Նահապետյանը։
Նշենք նաև, որ այս ծրագրի միջոցառումները կշարունակվեն Շիրակի մարզի Զույգաղբյուր և Ղազանչի համայնքներում։
 
Հ.Սարգսյան
            
09/04/2019