You are here

«Հուշարձան մայրիկիս» խորագրով միջոցառում

Ապրիլի 11–ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի և խեցեգործության խմբակների սաների մասնակցությամբ անցկացվեց «Հուշարձան մայրիկիս» խորագրով միջոցառում` նվիրված Հ. Շիրազի 105-ամյակին և Ավետման տոնին:
Միջոցառման նպատակն էր մեծարել հերոս ծնած, հայոց օջախի հենասյուն մայրերին, կարևորել հայ կնոջ դերն ընտանիքի պահպանման հարցում և ներկայացնել Ավետման տոնի խորհուրդը:
Ցերեկույթին ներկա էին կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները, ծնողներն ու սաները:
Միջոցառումը սկսվեց կենտրոնի պարարվեստի խմբակի սաների պարային բեմադրությամբ: Փոքրիկները խորհրդանշում էին գարնան առաջին ծաղիկներին՝ ձնծաղիկներին, որոնք ազդարարում են գարնան գալուստը: 
Ցերեկույթի ընթացքում սաները Հ. Շիրազի ստեղծագործությունների միջոցով ներկաներին տեղափոխեցին բարությունն ու հրաշագործությունն ամփոփող մայրական աշխարհ, որը պարունակում է սեր և գորով, կյանք և ջերմություն, համբերություն, հաշտություն և խաղաղություն:
Կենտրոնի երգարվեստի ու պարարավեստի խմբակների սաների ելույթներն ավելի ներդաշնակ ու բովանդակալից դարձրին ցերեկույթը:
Միջոցառման երկրորդ մասում սաները ներկայացրին Ավետման տոնի խորհուրդը, որն Աստծու մարդեղացման, Աստվածամոր տոնն է և Աստվածամորով տոնն է բոլոր մայրերի: Տպավորիչ էր դեռահասների բեմադրած Մարիամ Աստվածածնի հղիանալու վերաբերյալ ավետարանական պատմությունը:
Ազդեցիկ էր նաև երկնային հրեշտակներին մարմնավորած փոքրիկների շուրթերից շարականի ներքո հնչած աղոթքները: Սաները դիմելով Աստվածամոր բարեխոսությանը, խնդրեցին իրենց ընտանիքների, մայրերի քաջառողջության, հայոց աշխարհի խաղաղության համար:
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին խեցեգործության խմբակի սաների կատարած անհատական աշխատանքների ցուցադրությունը:
 
Ն.Մովսիսյան
     
12/04/2019