«Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք: Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից՝ ծաղկազարդվել: Միայն նա է Արարատի չափ մեծ ու հավերժական: Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի: Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը: Կոմիտաս…»
Ցիցիլիա Բրուտյան
Կան մեծություններ, որոնց դիմանկարի կերտումը վեր է թեկուզ ամենահանճարեղ նկարչի և ամենատաղանդավոր գրողի հնարավորություններից: Այդպիսի մեծություններից է Կոմիտասը՝ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը, ով ողջակիզվեց իր իսկ այրած կրակի մեջ և թողեց մի անմար ջերմություն հայ մշակույթի մեջ: Կոմիտասի անաղարտ երաժշտության վսեմաշուք լեզուն այն ակունքն է, որից սկիզբ է առնում և տարածվում հայ երաժշտությունը:
Դրա վառ ապացույցն էր հուլիսի 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացած հուշ երեկոն՝ «Կոմիտաս՝ ցավ և հիշողություն» խորագրով:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդի անցած դժվարին ուղին՝ ի դեմս Կոմիտասի. ապրած դժբախտ կյանքով և ողբերգական վախճանով, սաների մեջ սերմանել գոյատևելու աննկուն կամք, հպարտության զգացում սեփական երկրի աշխարհաճանաչ մշակույթի և դարավոր պատմության հանդեպ:
Սաները նրբակերտ գունագեղությամբ էին պատկերում հայ մարդու աշխատասեր ու արարող ոգին, անխոնջ նվիրումը մայր հողին, հայրենի հրաշագեղ բնությունը, դաշտերն ու լեռները, ամպն ու անձրևը, մարդկանց խոհերն ու ապրումները՝ բազմաբնույթ խոսուն ձևերով ու երանգներով:
Ուրախության և վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ ղողանջներով զմայլված՝ հանդիսականը լիրիկական հոգեպարար շնչով էր համակվել:
Սաների խոսքը պարզ էր, բայց դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից, որը պայմանավորված էր ապրումի և խոհի լիակատար դաշնությամբ: Անչափ հուզիչ ու զգլխիչ այդ չափածո տողերը հանճարի ողբերգության ամենախոսուն վկայություններն են. էջերն ամենադաժան մի ողբերգության, որ անանձնական էր, որովհետև պատկանում էր համորեն ժողովրդին:
Սոնա Սահակյանի և Գայանե Մինասյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ կազմակերպված այս անչափ ուսանելի միջոցառման հոգեհմա ու առինքնող ելևէջները թևածելով հասան հանդիսատեսի և սաների հոգուն՝ նրանց հաղորդակից դարձնելով կոմիտասյան «մշտահունչ ու մշտարթուն անլռելի զանգակատանը»:
Սեդա Հակոբյան