ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 22-ից 27-ը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում իրականացրեց «Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրին մասնակցում էին Շիրակի մարզի, Ջավախքի և Արցախի դեռահասներ:
Ծրագրի նպատակն էր հանգստի կազմակերպման ընթացքում աջակցել դպրոցահասակ երեխաների բարեկամական կապերի զարգացմանը, ճանաչել և արժևորել հայկական մշակույթը, նպաստել հայրենասիրական, գեղագիտական և բնապահպանական դաստիարակությանը:
Ամառային դպրոցում առաջնորդվելով ռազմահայրենասիրական գաղափարախոսությամբ, պատանիների համար կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ ուսուցողական և մարզական խաղեր, տարհանման, առաջին բուժօգնության, առողջ ապրելակերպի դասընթացներ, թեմատիկ սեմինարներ, սպորտային, ռազմական և ինտելեկտուալ մրցույթներ, արշավներ, ներկայացվեց հայոց պատմության և արցախյան պատերազմի հերոսական դրվագներ, <Հայ ազատամարտիկները արցախյան ազատամարտում>, <Պատմության անմահ հերոսները>, <Ես եմ կերտում իմ վաղվա օրը> թեմաներով զրույց-քննարկումներ:
Ամառային դպրոցի մասնակիցները անմոռանալի օր անցկացրեցին Հաղպատավանքում, որտեղ կազմակերպվել էր «Վարդատոն» խորագրով միջոցառում նվիրված միջնադարի սիրո մեծ երգիչ և աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
«Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց ծրագիրը խթանեց դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նրանց համախմբեց մեկ միասնական հայրենիք գաղափարի շուրջ, խրախուսեց մասնակիցների հայկական պետական խորհրդանշանների նկատմամբ հետաքրքրությունը:
Մասնակիցները սովորեցին նաև կառուցել առողջ փոխհարաբերություններ՝ հիմնված պատասխանատվության, ազնվության, փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա:
Ծրագիրը նպաստեց պատասխանատու և ինքնագիտակից, հայրենասեր և ազատասեր, հոգեպես ամուր, ապագա ակտիվ քաղաքացու դաստիարակմանը:
Սեդա Հակոբյան