Հոկտեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկա ստեղծագործական կենտրոնի ասեղնագործության, գոբելենագործության և ուլունքագործության խմբակների սաների մասնակցությամբ անցկացվերց «Ազգային արժեքներ» խորագրով բաց դաս և ցուցահանդես:
Միջոցառման նպատակն էր` ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտություները, նպաստել մասնակիցների մասնագիտական գիտելիքների հարստացմանը, բացահայտել շնորհալիներին, նոր ճանապարհներ գտնել արվեստի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելու համար:
Բաց դասին դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների սաները կարևորեցին ազգային արվեստի և արհեստի դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում. յուրաքանչյուր խմբակ ներկայացրեց տվյալ մասնագիտության պատմությունը, կատարման տեխնիկան և կիրառելիությունը, որին զուգահեռ ցուցադրեցին նաև աշխատանքային գործընթաց:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին 6-18 տարեկան սաների ասեղնագործ, գոբելեն և ուլունքով կատարած աշխատանքները: Ակնհայտ էր սաների վաղ տարիքից ցուցաբերած հետաքրքրությունն ու առանձնահատուկ վերաբերմունքն արհեստի և արվեստի նկատմամբ, հստակ երևում էր նրանց անհատական մոտեցումը, պատկերացումը և գեղագիտական ճաշակը՝ որպես հիմք ստեղծագործելու համար:
Սաների աշխատանքներն արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Ա. Մանուկյան
28/10/2019