You are here

Միջմշակութային երկխոսություն

Հայ-վրացական բազմադարյա բարեկամության ոսկե մատյանը զարդարվեց ևս մեկ գեղեցիկ դրվագով. հոգևոր միասնութուն, դարավոր բարեկամություն, եղբայրական հարաբերություններ...

Վրաստանի մշակույթի և միջազգային հարաբերությունների զարգացման միության կողմից կազմակերպված Սուրբ Գևորգին նվիրված հանդիսավոր տոնակատարությունների շրջանակներում Վրաստանի մայրաքաղաքում անցկացվեց պարի մրցույթ-փառատոն, որն իր շուրջն էր համախմբել հայ և վրաց մշակութային 22 խմբերի ` նոր ազդակ հաղորդելով երկու բարեկամ ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնմանը, մշակույթների փոխլրացմանն ու միջմշակութային հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Փառատոնում Հայաստանը ներկայացրեց ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգի-պարի համույթը:

Հայկական <Բերդ> պարային բեմադրության և ոգեշունչ երգի հնչյունների ներքո ծածանվեցին հայկական և վրացական դրոշները՝ որպես հարյուրամյակների պատմություն ունեցող ժողովուրդների բարեկամության առհավատչյա:

Հանդիսականը հմայված ըմբոշխնեց «Ընտանիք» համույթի ելույթները, և հոտնկայս ծափահարություններն ապացուցեցին հայի անկոտրում ուժի զորեղությունը, նրա անմնացորդ նվիրումն ազգային ավանդույթներին և հայրենասիրական վեհ գաղափարներին:

Ժյուրիի անաչառ քվեարկության արդյունքում «Ընտանիք» կենտրոնի համույթին շնորհվեց երեք գլխավոր մրցանակներ՝ դիպլոմներ, կրծքանշաններ ու Սբ. Գևորգի հուշանկարը:  

Փառատոնի կազմակերպիչների կողմից հրավերք ստացվեց Վրաստանում մասնակցել նաև Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարություններին:

Սեդա Հակոբյան