You are here

«Ընտանիք»-ը տերյանական պոեզիայով ու շնչով հագեցած

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի շրջանակներում մշակութային հաջորդ կանգառը Գանձայում եղավ՝ մեծ բանաստեղծի՝ Վահան Տերյանի հայրենի գյուղի տուն-թանգարանում: Բանաստեղծի նիստուկացն ու կենսակերպը ամեն բան տան պատերից ներս ծանոթաց սաները: Շրջեցին նաև վերականգնված տանը կից կառուցված ցուցասրահում, որտեղ ներկայացված փաստաթղթերը, ձեռագրերն ու լուսանկարները պատկերում են Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Ցուցասրահում են պահպանված նաև բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ։ Ցուցասրահում ներկայացվում են Վահան Տերյանի կյանքի 7 կարևորագույն փուլերը. մանկության տարիները, Լազարյան ճեմարանում ուսանողական կյանքը, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հետ ունեցած հանդիպումները, թարգմանչական, գիտական, հասարակական և քաղաքական գործունեությունը, ինչպես նաև իր կյանքի վերջին օրերը Օրենբուրգում: Թանգարանի համալիրի մեջ է նաև Սուրբ Կարապետ եկեղեցին, 1859 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Եկեղեցում ««Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն օրհնություն ստացան քահանայից: Կրթադաստիարակչական այցերը միայն նպաստում են սաներին ամուր կապել հայ մշակույթի ակունքներին, իսկ այս հարցում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ունի մշակած հստակ ծրագրեր ու քարտեզային քայլեր:

01/11/2021