You are here

«Ճանապարհ դեպի լույս» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց «Ճանապարհ դեպի լույս» խորագրով ծրագիրը։ Ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր Սրբոց Թարգմանչաց տոնին և Ղևոնդ Ալիշանի 201-ամյակին։ ՀՀ Լուռու, Արագածոտնի, Շիրակի մարզերում, ինչպես նաև Ջավախքի կրթամշակութային կենտրոնի դեռահասների համար հայտարարվեց Հայոց այբուբենին նվիրված ստեղծագործական մրցույթ՝ ըստ կիրառական արվեստի ճյուղերի, կազմակերպվեց սեմինար և ընթերցումներ «Ալիշանի կյանքը, գրական և գիտական գործունեությունը» խորագրով: Կրթական ծրագիրը նպաստեց դեռահասների գրագիտության բարձրացմանը, քրիստոնեական արժեքների պահպանմանը: Ղևոնդ Ալիշանի թողած գրական ժառանգության ուսումնասիրումը հնարավորություն տվեց դեռահասներին արժևորելու հայազգի մեծերին: Թարգմանչաց տոնի կարևորությունը և գրերի գյուտի անհրաժեշտությունը, որպես ազգային ինքնության պահպանումն ավելի խորը ու բովանդակալից ներկայացվեց սաներին, ինչը դեռահասների մեջ սերմանեց հետաքրքրություն ընթերցանության և Ալիշանի գրական ժառանգության հանդեպ` նպատակն ունենալով սերունդներին կրթել Սրբոց թագմանչաց վարդապետների օրինակով։ Ծրագրի շրջանակում Գրողների միության և Հայագիտական կենտրոնների հետ համագործակցությունն էլ իր հերթին նպաստեց հայոց լեզվի նկատմամբ դեռահասների հետաքրքրությանն ու լեզվամտածողության զարգացմանը: Մայիսից մեկնարկած ծրագիրն , ամփոփվեց «Ընտանիք» կենտրոնում՝ «Քաղցրանվագ Նահապետ» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառմամբ, և կազմակերպվեց ստեղծագործական մրցույթի և «Ընտանիք» կենտրոնի կիրառական արվեստի խմբակների սաների աշխատանքների ցուցադրություն: Լավագույն աշխատանքների հեղինակներին կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը պատվոգրեր շնորհեց, ինչպես նաև ստեղծագործական մրցույթի հաղթողները, ակտիվ մասնակիցները՝ որպես մրցանակ, այցելեցին Հայոց Այբուբենի հուշարձան՝ Տառերի պուրակ և Սաղմոսավանք, Մատենադարան, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Ծրագիրն ամփոփվեց Գյումրու Սբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` «Ալիշանի աղոթքն առ Աստված» հարմոնիումի նվագակցությամբ արարողակարգով:

01/12/2021