You are here

ՀՀ ԿԳՄՍՆ  «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը Բուն Բարեկենդանի քաղաքային միջոցառմանը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը: Այն Մեծ Պահքին նախորդող շաբաթվա տոնն է, որը նշվում է կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Եկեղեցական տոնը մեծ շուքով նշվեց նաև Գյումրիում։

Ազգային երգ-երաժշտություն, պարեր ու տոնախմբություն, այսպես նշվեց տոնը քաղաքի պատմական միջուկի՝ Աբովյան ճեմափողոցում։

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Զվարճություններն արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունի տոնը: Մարդիկ մաղթում են միմյանց բարի կենդանություն:

Ճեմափողոցը լցված էր տոնական տրամադրությամբ, առանձին  տաղավարներում մանկապատանեկան ստեղծագործական խմբակները ցուցադրեցին իրենց սաների աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍՆ  «Ընտանիք»  մանկապատանեկան ստեղագործական կենտրոնի կիրառական արվեստի խմբակների սաների յուրահատուկ, ինքնատիպ աշխատանքներն անտարբեր չթողեցին ոչ մի անցորդի։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ևս իր հիացմունքն արտահայտեց սաների աշխատանքների մասին։

«Այնքան հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ են կատարել ձեր սաները, ես առաջարկում եմ այս հրաշք գործերը ցուցադրել նաև թանգարաններում, իսկապես այս աշխատանքները թանգարանային նմուշներ են հիշեցնում»,-ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Սաները տոնի հոգևոր խորհուրդը, ժողովորդական ավանդույթները փոխանցեցին հյուրերին։ Կենտրոնի թատերական արվեստի խմբակի փոքրիկ դերասանները ներկայացրեցին ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի Բարեկենդանը՝ բեմադրության միջոցով։

Մասսայական խաղեր, մրցումներ ու  հայակայն ժողովրդական, ազգային պարային համարներով ուրախ տրամադրություն  փոխանցեցին նաև պարարվեստի խմբակի սաները։ Միասնական շուրջպար բռնեցին, կենդանություն, բարի կյանք մաղթելով միմյանց։

27/02/2022