Ծրագրի շրջանակում «Ստեղծագործենք միասին»` խորագրով մասնագիտական դասերի անցկացման առաջին կանգառը Լուսակերտ գյուղի միջնակարգ դպրոցն էր։ Համայնքային դպրոցի աշակերտները «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժներին ու սաներին հյուրընկալեցին ֆրանկոֆոնիայի հիմնի կատարմամբ և գեղարվեստական ելույթներով։ Այնուհետև կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները լուսակերտցի դպրոցականերին ներկայացրեցին ֆրանկոֆոնիայի պատմությունը, Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական, բարեկամական կապի մասին։ Սաներն ու աշակերտները միմյանց հետ հաղորդակցվեցին ֆրանսերենով, ինչն անմիջական ու ջերմ մթնոլորտ ստեղծեց։ Մանրանկարչության և գեղանկարչության խմբակների մանկավարժներ՝ Արթուր Մուրադյանն ու Վարդևար Շամամյանը ներկայացրեցին ֆրանսահայ, աշխարհահռչակ գեղանկարչի՝ Ժան Գառզուի կյանքն ու ստեղծագործական ուղին, վերջինիս արվեստի նրբություններն ու կատարման տեխնիկան։ Այնուհետև աշակերտներին հանձնարարվեց կենտրոնի շնորհալի սաների օգնությամբ գառզուական արվեստով գրաֆիկական պատկերներ նկարել։ Աշակերտները կտավին հանձնեցին իրենց պատկերացումներով գրաֆիկական մտքերը։ Համատեղ ստեղծագործական աշխատանքը հետաքրքիր մթնոլորտում իրականացվեց, ինչը տվեց իր պտուղները՝ ծնվեցին նկարչական գունեղ աշխատանքներ։ Նշենք, որ համայնքների դպրոցականների կատարած ստեղծագործական աշխատանքները կցուցադրվեն ծրագրի «Ֆրանկոֆոնիան մեր աչքերով» եզրափակիչ ցուցահանդես-փառատոնին։
02/05/2022