You are here

«Հայի ուժը. Ազնավուր-100» ծրագիրն իրակնացվեց դարի երգիչ-բանաստեղծի՝ Շառլ Ազնավուրի հայրական արմատների ծննդավայրում Ախալցխայում

 

Լեգենդար հայի ծննդյան օրը, 100-ամյա հոբելյանին «Ընտանիք», Ախալցխայի և Ախալքալաքի երիտասարդական և կրթամշակութային կենտրոնների մանկավարժներն ու սաները հարգանքի տուրք մատուցեցին Ախալցխայի զարդը համարվող 13-րդ դարի Ռաբաթի ամրոցում, որի կենտրոնում վառվում է մեծ հայի հոլլիվուդյան աստղը: Աստղի կողքին տեղադրվեց նաև «Ընտանիք» կենտրոնի արծաթագործության խմբակի սաների պատրաստած՝ ի հուշ երախտիքի հուշաքարը: Ամրոցում՝ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները կատարեցին երաժշտական ստեղծագործություններ, ցուցադրվեցին նաև կիրառական արվեստի խմբակների սաների ձեռքի աշխատանքները: Բնության գրկում ազնավուրյան հետաքրքիր կոլորիտ ստեղծվեց, երիտասարդական ֆորում անցկացվեց «Շառլ Ազնավուր. դարի երգիչ-բանաստեղծ» թեմայով: Սաներն ակտիվ մասնակցեցին ֆորումի հարց ու պատասխանին, որի միջոցով նոր տեղեկություններով իրազեկվեցին Ազնավուրի մասին: Երկխոսության հարթակում պատմաբան Արամ Սիմոնյանը ևս հետաքրքիր տեղեկություններ հայտնեց երկու պետությունների տասնամյակների մշակութային կամուրջի մասին, խոսեց նաև Ազնավուրի հայրական արմատների և արվեստում նրա թողած մեծ ժառանգությունից: Բնությանը ձուլված երիտասարդները ներկայացրեցին ազնավուրյան շանսոններ, բանաստեղծություններ, երաժշտարվեստի կատարումներով ևս մեկ անգամ արժևորեցին ֆրանսահայ շանսոնյեի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում: Ազնավուրյան շնչով ներկաները հաղորդակից դարձան հայազգի մեծանուն բարերարի, Ազգային Հերոսի մշակութային ստեղծագործական աշխարհին: Հայկական միասնական շուրջպարով ամփոփվեց երիտասարդական ֆորումը: Պատանիներն այնուհետև այցելեցին Ախալցխայի Պուչա Ջաղելիս թաղամաս, որտեղ գտնվել է Շառլ Ազնավուրի հայրական տունը: Ազնավուրյանների քանդված տան հասցեում, այժմ Դանիելյանների ընտանիքն է բնակվում, վերջիններս պատմեցին ինչպիսին է եղել Ազնավուրյանների տունը մինչ իրենց վերաբնակեցումն ու ինչ է պահպանվել ազնվական ընտանիքից: Ախալքալաքի կրթամշակութային և երիտասրդական կենտրոնում հանդիպում-քննարկումն ավարտվեց Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած, «Ընտանիք» կենտրոնի ակադեմիական վոկալի բաժնի մեներգիչ Վլադիմիր Մանասյանի ազնավուրյան կատարմամբ, վերջինիս նվագակցում էր դաշնակահարուհի, մանկավարժ Սվետլանա Ստեփանյանն, ով նույնպես արցախցի մեր հայրենակիցն է: Հայաստան-Արցախ-Ջավախք աշխարհի մշակութային կապող օղակ Շառլ Ազնավուրին նվիրված «Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով ծրագրի ուղերձի նպատակն էր խթանել տարածաշրաջանային համագործակցությանը, համամարդկային արժեքներով և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորմանը, արժևորել ֆրանսիական մշակույթը կրող՝ հայկական արմատներով աշխարհահռչակ շանսոնյեի անմնացորդ նվիրումը հայրենիքին ինչն՝ աներկբա հաջողվեց:

22/05/2024