You are here

«Բարեկամության կամուրջը համագործակցության հաջողության գրավական» խորագրով միջոցառում նվիրված Ռուսաստանի Հանրապետության օրվան

«Ընտանիք» կենտրոնի ռուսաց լեզվի խմբակի սաները Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումը սկսեցին ռուս-հայկական բարեկամական կապի կարևոր իրադարձություններն ու առաքելությունը ներկայացնելով տեսասահիկի միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին սաների պատրաստած «Մշակութային քաղաքների դիմանկարը» վերնագրով ֆիլմը, որից հետո անցկացվեց՝ մշակութային երկխոսություն՝ երկու երկրների պատմության, ազգային ժառանգության, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների մասին: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Գյումրիում «Ռուսական տուն» հաստատությունից, կենտրոնի տնօրենությունը, մանկավարժներ, ծնողներ, սաներ:

Սաները գեղարվեստական ելույթներով ներկայացրին հայ և ռուս ժողովուրդների ազգային երգն ու պարը, որ դարերով նաև մշակութային կամուրջ է հանդիսացել: Ներկայացվեց Ա. Պուշկինի, Մ. Թարիվերդիևի, Ա. Գրիբոյեդովի, Վ. Բելինսկու, Հ. Այվազովսկու, Վ. Բրյուսովի, Օրբելի եղբայրների, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Չարենցի, Վ. Տերյանի, Խ. Աբովյանի և Հ. Թումանյանի ստեղծագործությունները, որոնք կարևոր հետագիծ են թողել երկու ժողովուրդների պատմական զարգացման շրջափուլերում։

Միջոցառման ավարտին հյուրերը կիսվեցին տպավորություններով, կարևորելով հաստատությունների միջև համագործակցությունը, Ռուսական տան ներկայացուցիչ Լյուդմիլա Հարությունյանն ընդգծեց.

«Միջոցառումը բացառիկ էր և իր նպատակադրմամբ, և նպատակին հասնելու հետևողականությամբ, և երեխաների լեզվական անթերի գիտելիքների կատարյալ մատուցմամբ, որում անուրանալի է խմբակի ղեկավար՝ Հասմիկ Բաղդասարյանի աշխատանքը: Նմանօրինակ միջոցառումները և համագործակցությունները միայն նպաստում են երկու պատմական երկրների, բարեկամ ժողովուրդների ազգային դիմագծերի պահպանմանը: Վստահ եմ, որ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել նաև մեր միասնական աշխատանքի արդյունքում»,-ասել է Լյուդմիլա Հարությունյանը։

Ելույթի խոսքերով հանդես եկան նաև կենտրոն տնօրենությունն ու ծնողները, գնահատելով խմբակի սաների, ի դեմս խմբավարի՝ Հասմիկ Բաղդասարյանի աշխատանքը:

20/06/2024