«Ընտանիք» կենտրոնի դեպի Ջավախք այցն համընկավ Սուրբ Թարգմանչաց տոնի հետ: Մեր Եկեղեցին հիմնադրման առաջին իսկ օրից իրեն նույնացրել է մեր ժողովրդի մայր զգացողության հետ, անսխալական բնազդով, հանճարեղ հեռատեսությամբ սրբացրել, ազգային եկեղեցական տոնի է վերածել այն ամենը, ինչ կենսական, բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ներկայացվեց տոնի հոգևոր-մշակութային խորհուրդը, անցկացվեց վիկտորինա, որն ավելի շատ եկեղեցական, թարգմանչական արվեստի կարևորության մասին հարցուպատասխանի միջոցով գիտելիքների ամրապնդմանն էր ուղղված: Ախալքալաքի, Նինոծմինդայի և ««Ընտանիք» կենտրոնի սաներն համատեղ գեղարվեստական ելույթներով արժևորեցին տոնի կարևորությունը: Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ ՝ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Վերջիններս կարևորեցին Հայաստան-Ջավախք ամուր բարեկամական կամուրջն ու ազգային դիմագծի պահպանմանն ուղղված այցերն ու միջոցառումները:
Միջոցառումն ամփոփվեց մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերով: Սաները ծանոթացան արվեստի ու արհեստի ճյուղերին, գործնական աշխատանքների միջոցով նախընտրած մասնագիտություններում նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Կրթադաստիարակչական այցերը միայն նպաստում են սաներին ամուր կապելու հայ մշակույթի ակունքներին, իսկ այս հարցում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ունի մշակած հստակ ծրագրեր ու քարտեզային քայլեր: