«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ,
ընկնում նրա պակասի պատճառով»:
Գարեգին Նժդեհ
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանակապատանեկան ստեղծագործական կենտրոնը 2015 թվականի հուլիսի 16-ից 23-ը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում իրականացրեց «Հայրենասիրությունը՝ հայրենիքի հավերժության երաշխիք» ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագիրն իր շուրջ համախմբեց Արցախի, Ջավախքի և Շիրակի մարզի շուրջ 90 դեռահասների:
Ամառային դպրոցը իր հյուրընկալ հարկի տակ էր ընդունել նաև Ֆրանսիայից ժամանած սկաուտների խմբին, ովքեր իրենց կազմակերպած ուսուցողական խաղերի միջոցով ավելի հագեցած ու բովանդակալից դարձրեցին ծրագիրը:
Ամառային դպրոցի կազմակերպման միջոցով` ծրագիրը նպատակ էր հետապնդում աջակցել դեռահասների միջև բարեկամական կապերի հաստատմանը և ամրապնդմանը, սերմանել միասնականություն, համախմբվածություն, նպաստել գեղագիտական, բնապահպանական և ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ամառային դպրոցում կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ. ռազմահայրենասիրական թեմաներով սեմինարներ, փաստավավերագրական և ճանաչողական ֆիլմերի դիտումներ, քաղպաշտպանական վարժանքներ, տարհանման, առաջին բուժօգնության գործնական դասընթացներ, սպորտային, ռազմական և ինտելեկտուալ մրցույթներ:
Ծրագրի շրջանակներում անկացվեցին նաև գեղարվեստական միջոցառումներ` նվիրված Մկրտիչ Ա. Վանեցու /Խրիմյան Հայրիկ/ 195 ամյակին և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որնոց միջոցով ծրագրի կազմակերպիչները ցանկացել էին դեռահասներին, ինչպես նաև ֆրանսիացի երիտասարդներին, ևս մեկ անգամ հաղորդակից դարձնել հայ ժողովրդի անցած արյունոտ ուղուն, հայրենիքին անմնացորդ նվիրում ցուցաբերած հերոսների ազգանպաստ գործունեությանը, սերմանել համազգային նպատակների իրականացման, անպարտելիության և մարտահրավերներին դիմակայելու աննկուն կամք:
Ֆրանսիացի երիտասարդներն իրենց սրտացավությունն արտահայտեցին անցյալում հայ ժողովրդի տեսած վայրագությունների և միաժամանակ հիացմունքը` ներկայում արարելու, ստեղծելու անպարտելի կամքի վերաբերյալ և պարտք համարեցին իրենց տեսածը և զգացածը հաղորդել իրենց հայրենակից երիտասարդներին:
«Հայրենասիրությունը՝ հայրենիքի հավերժության երաշխիք» ամառային դպրոց ծրագիրը խթանեց նախազորակոչային տարիքի դեռահասների ազգային բանակում ծառայելու իրազեկության բարձրացմանը, նախնական զինվորական պատրաստություն առարկայից ստացած գիտելիքների և կարողությունների կիրառմանը և դրանց ամրապնդմանը, բարձրացրեց դեռահասների ռազմակահայրենասիրական ոգին` ձևավորելով պատասխանատվության և պարտքի զգացում սեփական երկրի և ժողովրդի հանդեպ: