You are here

Մուսա լեռ՝ 100-ամյակ

Նոյեմբերի 16-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ‹‹Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակ›› խորագրով ծրագրի շրջանակում այցելեցին Մուսալեռ համայնք: 
Ծրագրի նպատակն էր՝ ծանոթացնել մուսալեռցիների պատմությանը, ամրապնդել դեռահասների ունեցած գիտելիքները Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ, գնահատել նրանց հաղթանակը որպես հայրենասիրության, անձնազոհության ու հայ ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում, մուսալեռցի պատանիներին ծանոթացնել ‹‹Ընտանիք›› կենտրոնի գործունեությանը, կազմակերպել արհեստների և արվեստի ‹‹Վարպետաց›› դասեր,  կարևորել արտադպրոցական կրթության դերը:
Կենտրոնի մանկավարժները և սաները ճանաչողական այց կատարեցին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծանոթացան Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ուշագրավ փաստերի ու մանրամասնությունների: Մուսա լեռան ըմբոստ զավակներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները սաների մոտ առաջացրին խոնարհումի և ակնածանքի զգացումներ:
Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրման շնորհիվ մուսալեռցիները ծանոթացան ‹‹Ընտանիք›› կենտրոնի գործունեությանը: Կենտրոնի մանկավարժների ու սաների կողմից արհեստների ու արվեստի ճյուղերի նկատմամբ հետաքրքրություն ու սեր արթնացնելու, դրանց տարածմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով կազմակերպեցին տարբեր մասնագիտությունների գծով մեկօրյա գործնական  դասընթացներ: Դպրոցի աշակերտներն իրենց շնորհակալությունն արտահայտեցին ոգեշունչ ելույթներով` մարտական խրոխտ երգով ու ասմունքով:
‹‹Ընտանիք›› կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը պատվոգիր և հուշանվեր հանձնեց Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոցին՝ ի դեմս տնօրեն Աղավնի Վեզիրյանի` համագործակցության և ծրագրին ակտիվ մասնակցության համար: 
Մուսա լեռան հերոսամարտը հայ ժողովրդի միասնական հաղթանակած ազգային նկարագրի վառ ապացույցն է:
 
Հերմինե Սարգսյան