Առանց գրքերի մարդկային կյանքը դատարկ է. գիրքը ոչ միայն մեր բարեկամն է,
այլև մեր մշտական հավերժական ուղեկիցը:
Դ. Բեդնի
Փետրվարի 19-ին գրական աշխարհը նշում է Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրը, որը վերջին տարիներին Հայաստանում համարվում է նաև գիրք նվիրելու օր:
Սպասված ու սիրելի դարձած տոնը մեծ շուքով և ոգևորությամբ նշվեց փետրվարի 29-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: ‹‹Գիրքն իմ բարեկամն է›› խորագրով միջոցառումը համախմբել էր գրքասեր ու ընթերցասեր հասարակությանը՝ Գյումրու Գրողների միության անդամներին, մանկավարժներին, պատանիներին ու դեռահասներին:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց գեղեցիկ տեսարանով: Հանդիսատեսի աչքի առաջ բացվեց հրաշալի պատկեր. Լոռվա չքնաղ բնապատկերներ, գարնանային ծաղկեպսակներ հյուսող նաիրյան աղջիկներ: Պարարվեստի խմբակի սաները պարային բեմադրությամբ հանդիաստեսին ցուցադրեցին ‹‹Անուշ›› պոեմից կոխի տեսարանը՝ լցված Սարոյի և Մոսիի երիտասարդական ավյունով: Սաների պարային բեմական խաղը համեմված էր ժողովրդական խաղիկներով, ավանդույթներով:
Մեզանից շատերը գրքի կախարդական աշխարհ մուտք են գործել, ծանոթացել ու մտերմացել հենց թումանյանական հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, անմահ քառյակների ու պոեմների միջոցով: Միջոցառման ողջ ընթացքում իշխեց թումանյանական ոգին. հնչեցին Ամենայն հայոց բանաստեղծի խոհափիլիսոփայական քառյակներ, ընթերցվեցին սիրված բանաստեղծություններից հատվածներ և ներկայացվեցին հետաքրքրաշարժ դրվագներ մեծ լոռեցու կյանքից: Կենտրոնի թատերական խմբակի սաները ցուցադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթի բեմականացումը: Երեխաների մարմնավորած տիպիկ թումանյանական կերպարները, բեմական խաղը, բարձր ու ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
Վաղ առավոտից ազդարարված գրքահավաքը շարունակվեց նաև միջոցառման ընթացքում: Հանդիսատեսը ևս իր մասնակցությունը բերեց կազմակերպված գրքահավաքին՝ կատարելով իր ներդրումը կենտրոնի գրադարանային ֆոնդը համալրելու գործընթացին:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց բոլորին հրաշալի տոնի առիթով: Նա հորդորեց ներկաներին ճանաչել ու գնահատել գրքի արժեքը, ընթերցանության միջոցով հարստացնել իրենց գիտելիքների պաշարը, տարբեր ոլորտներում կատարել նորանոր բացահայտումներ և իրենց սեփական ներդրումը ունենալ երկրի զարգացման գործընթացում: Այնուհետև միջոցառման մասնակիցներին և դահլիճում ներկա գտնվող փոքրիկներին նվիրեց մանկական պատկերազարդ գրքեր:
Կենտրոնի ամեն մի անկյունում միջոցառումը տարածեց իր բուն խորհուրդն ու ասելիքը. այն է՝ սիրիր գիրքը, լուսավորիր հոգիդ ու մարզիր միտքդ:
...Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին...
Շնորհավոր ծնունդդ Ամենայն հայո՛ց բանաստեղծ, մեր նոր քերթության անհա՛ս Արարատ:
Հ. Սարգսյան