Մարտի 22-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մանրանկարչության խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու 340-ամյակին նվիրված բաց դաս:
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի տարբեր խմբակների սաներ, ծնողներ, մանկավարժներ, Մխիթարյան միաբանության անդամ՝ Անտոն նորոց վարդապետ Գրիգորյանը: Դասին ներկայացվեց Մխիթար Սեբաստացու կենսագրությունը, գրական, հասարակական, ստեղծագործական գործունեությունը: Մանկավարժի խոսքը զուգակցվեց ֆիլմի ցուցադրումով, որը վենետիկյան հրաշալի տեսարժան վայրեր ուղղորդեց ներկաներին, բացեց առեղծվածային այն վարագույրը, որը տանում էր Մխիթարյան միաբանության հրաշքների աշխարհ: Մեկնաբանվեց Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող ‹‹Բայրոնի մուտքը Սուրբ Ղազար կղզի›› կտավը և գնահատվեց Բայրոնի ներդրումը հայագիտության, թարգմանչական ասպարեզում:
Միջոցառումն ավելի հագեցած ու բովանդակալից դարձրեց Մխիթարյան միաբանության անդամ Անտոն վարդապետը: Նա հետաքրքրաշարժ պատմություններ և ուշագրավ փաստեր հաղորդեց Սուրբ Ղազար կղզու մասին, անդրադարձավ Մխիթարյանների գործունեությանը, նրանց թողած հարուստ ժառանգությանը: Այնուհետև ներկաներին շնորհավորեց Ծաղկազարդի առթիվ, ներկայացրեց տոնի խորհուրդը:
Ծրագրի երկրորդ մասում անցկացվեց Ծաղկազարդին նվիրված միջոցառում՝ պոեզիայի թատրոնի և պարարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:
Միջոցառման արդյունքում դեռահասները հաղորդակից դարձան հոգևոր տոնին, պահպանված ժողովրդական ավանդությանը և արժևորվեց Մխիթարյան միաբանության հիմնադիր, եկեղեցական գործիչ Մ. Սեբաստացու անգնահատելի դերը սերունդների հայապահպանության և կրթադաստիարակման գործում:
Մ. Խաչատրյան