ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` ընդլայնելով իր գործունեության շրջանակները, Շիրակի մարզի յոթ գյուղական համայնքներում ստեղծել է արհեստի և արվեստի մասնագիտական ուսուցողական խմբակներ և կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ:
Նոյեմբերի 9-ին և 10-ին Շիրակի մարզի բարձր լեռնային երկու գյուղական համայնքներում` Ցողամարգում և Թորոսգյուղում հերթական անգամ անցկացվեց «Ընտանիք» կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքների ցուցահանդես` «Մենք ենք մեր սարերը» խորագրով:
Դեռահասներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել էին ներկայացված թեմատիկ աշխատանքների միջոցով:
Ցուցահանդեսին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, Ցողամարգի դպրոցի տնօրեն Արշակ Արշակյանը, Թորոսգյուղի դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանը, գեղանկարիչներ, մանկավարժներ, համայնքների բնակիչներ և աշակերտներ:
Ցուցադրված աշխատանքներն առանձնանում էին սաների ուրույն մոտեցմամբ և արտահայտված ասելիքով: Ստեղծագործական աշխատանքներում արտացոլված էր հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու ազգային արժեքները, սարյանական գունեղ ու պայծառ երանգները, դեռահասների սեփական պատկերացումներն ու զգացողությունները թեմայի վերաբերյալ:
Ներկաները ելույթներում իրենց հիացմունքն ու գնահատանքն արտահայտեցին սաների ինքնատիպ ստեղծագործությունների վերաբերյալ:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը բարձր գնահատեց սաների աշխատանքները, մաղթեց նրանց ստեղծագործական վերելքներ, հորդորեց զարգացնել իրենց ինտելեկտուալ մակարդակը, զբաղվել ինքնակրթությամբ և շարունակել արարել արվեստի նոր գործեր:
Կենտրոնի տնօրինությանը շնորհակալական և երախտիքի խոսքեր հղեցին ծնողներն ու կրթօջախների տնօրենները: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին արտադպրոցական կրթությունը գյուղաբնակ դեռահասների համար հասանելի դարձնելու, համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելու, երեխաների ազատ ժամանակն արդյունավետ կազմակերպելու, ինքնադրսևորվելու և սեփական կարողությունները գնահատելու հնարավորություն ընձեռելու համար:
Հ. Սարգսյան