Մարտի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:
Միջոցառումն ազդարարվեց զորամասի հրամանատարի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերման հրամանով, որից հետո հնչեց օրհներգը՝ Գյումրու կայազորի փողային նվագախմբի կատարմամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քաջաբար նահատակված հայորդիների հիշատակը:
Կենտրոնի երգի, պարի, մարտական արվեստի խմբակների շնորհալի սաները հայ զինվորի խիզախության, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, նվիրվածության և անկոտրում կամքի մասին իրենց կատարումներով զինծառայողներին հաղորդեցին տոնական տրամադրություն: Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր ու պարեր, որոնք արտահայտում էին թշնամուն հաղթելու անսասան կամքն ու հավատը, քաջությունն ու հերոսությունը:
Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչները:
«Խաղաղություն ամենքին և ամենուր». ահա այս ցանկությամբ ամփոփեց միջոցառումը փոքրիկ հայրենասեր ‹‹զինվորը››:
Ցերեկույթը եզրափակվեց կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանի և զորամասի հրամատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Գրիգորյանի կողմից փոխադարձ շնորհակալագրերի հանձնմամբ:
Նրանք կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը, որի շնորհիվ մատաղ սերնդի մոտ առաջանում է հայ սպայի և զինվորի հերոսական կերպարի վերաբերյալ իրական պատկերացումներ և ամրապնդվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Այո՛, այսպիսի ուսանելի և երկկողմ հանդիպումների, համատեղ իրականացրած ծրագրերի միջոցով է, որ ձևավորվում և ոգեշնչվում է անկախ պետության ապագան կերտող պատանին:
Հ. Սարգսյան
10/03/2017