You are here

«Ընտանիք» կենտրոն. Այցելության Շիրակի մարզային և կենտրոնական գրադարաններ

Գրքերը լուսավորում են հոգին, ոգեշնչում  ու զորացնում են մարդուն, 
նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ, 
սրում են միտքը և մեղմացնում սիրտը:
Ու. Թեքերեյ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարաններ։
Այցի նպատակն էր սաների մոտ ձևավորել գրադարան հաճախելու և ընթերցասրահներից օգտվելու մշակույթ, նպաստել սան-գրադարան կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:
«Ընտանիք» կենտրոնի Շիրակի մարզի գյուղական համայնքներում  և Գյումիրում գործող խմբակների դեռահասները գրադարանում ծանոթացան գրքերի հսկայական պաշարին, գրադարանից օգտվելու կանոններին և գործունեությանը, հետաքրքրաշարժ և ուսանելի տեղեկություններ հավաքեցին գրքերի հավաքագրման վերաբերյալ, ինչպես նաև գրադարաններ հաճախելիության ցուցանիշների մասին։
«Շփվելով» գրապահոցների հետ, սաներն առանձնացրեցին իրենց նախընտրելի գրական ժանրերի ստեղծագործությունները և գրադարանավարների հետ համատեղ նստեցին կլոր սեղան քննարկման։ Սաներից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե ինչու է ընտրել տվյալ ստեղծագործությունը: Նրանք իրենց ինքնատիպ և յուրօրինակ մոտեցմամբ, հիմնավոր մեկնաբանություններով կարողացան հետաքրքրություն առաջացնել գրքասեր ընկերների մոտ՝ տվյալ ստեղծագործության վերաբերյալ:
Սաներն ընթերցեցին նաև Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուից «Էս գրքի ճամփի խրատը» առակը և գրադարանավարների հետ միասին կատարեցին համապատասխան վերլուծություններ:
«Մենք այսօր հուզված ենք և ուրախ, որ այսպիսի գեղեցիկ և անհրաժեշտ նախաձեռնություն եք կազմակերպել և երեխաներին գրադարան եք բերել: Դուք նպաստում եք, որ նրանք մուտք գործեն գրքերի աշխարհ, անմիջապես շփվեն նրանց հետ: Ձեր այս այցով դուք նպաստում եք նաև, որ երեխան «կապվի» գրադարանի հետ, ավելի շատ զբաղվի ինքնակրթությամբ և նրա մոտ զարգանա գրասիրություն: Իսկ դա այսօր մեծ և դրական գործ է: Շնորհակալություն Ձեր այցի համար»,- իր խոսքում նշեց կենտրոնական գրադարանի գիդ-քարտուղար Ասյա Ղարիբյանը:
Կենտրոնի սաները գրադարաններից հեռացան տպավորված, խորը մտորումներով և նորից վերադառնալու պատրաստակամությամբ։
Հ. Սարգսյան
      
 
22/09/2017