You are here

«Ընտանիք կենտրոն». Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ և Մատենադարան

Սեպտեմբերի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ՝  «Այվազովսկի-200» խորագրով ստեղծագործական մրցույթում հաղթած մասնակիցների և կենտրոնի շնորհալի սաների համար:
Հայաստանի խոշորագույն գեղարվեստական թանգարանում մասնակիցները դիտեցին «Արարում» խորագրով Այվազովսկու աշխատանքների բացառիկ ցուցահանդեսը: Էքսկուրսավարի ուղեկցությամբ դեռահասները շրջեցին պատկերասրահում, ծանոթացան աշխարահռչակ ծովանկարչի գեղարվեստական, գրաֆիկական և վավերագիր աշխատանքներին: Ստեղծագործող սաներին հատկապես հիացրեց և ոգեշնչեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը: Սաները տպավորված ծովանկարչի ստեղծագործությամբ, բուռն քննարկում սկսեցին կտավի ստեղծման, կատարողական տեխնիկայի վերաբերյալ, որտեղ նկարիչը ներկայացրել էր Աստծո հոգին լույսի տեսքով։
Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին նաև հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին: 
Օրը  սաների համար ուսուցողական էր, տպավորիչ  և բազմաբնույթ տեղեկություններով լի:
Վերադարձից հետո սաները մանկավարժների և հասակակիցների հետ կիսեցին  իրենց տպավորությունները՝ կատարելով վերլուծություններ աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործական գործունեության վերաբերյալ: 
 
Հ. Սարգսյան
   
02/10/2017