ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ‹‹Ի հուշ մեծ Եղեռնի›› ծրագրի շրջանակում դեռևս փետրվար ամսից հայտարարել էր մրցույթ, որին մասնակցեցին կենտրոնի տարբեր խմբակների սաներ՝ ներկայացնելով անհատական և խմբային դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ: Ուշագրավ էր ռադիոկապի խմբակի սաների կատարած աշխատանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ընտանիք» կենտրոնին տրված ժամանակավոր հատուկ լիցենզիայի հիման վրա սաները ապրիլի 24-ին ուղիղ կապ հաստատեցին տարբեր երկրների ռադիոսիրողների հետ` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով և իրազեկելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ազդականչը կշարունակվի շուրջ մեկ ամիս, որի ընթացքում սաները կհաղորդակցվեն աշխարհի 100-ից ավելի երկրների հետ: Նշենք նաև, որ «Ընտանիք» կենտրոնի ռադիոկայանը ՀՀ-ում գործող երկու սիրողական կոլեկտիվ ռադիոկայաններից մեկն է:
Ապրիլի 29-ին մրցույթի արդյունքում լավագույն ստեղծագործական աշխատանքներ ներկայացրած թվով 35 սան՝ որպես խրախուսանք մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սաները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության թանգարանում ուսումնասիրեցին հարյուրամյա պատմության ողբերգական դրվագները, վավերական մանրամասները և իրեղեն ապացույցները։ Հեռացան տպավորված, տխուր մտորումներով և արդարության հաղթանակի հասնելու մղումով:
Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկում՝ Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին: Նրանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, հատկապես հին դարերի ստեղծագործողների պատկերազարդ աշխատանքները:
Օրը սաների համար ուսանելի էր, արդյունավետ և լի տարաբնույթ տեղեկություններով:
Հ. Սարգսյան
02/05/2017