You are here

‹‹Ընտանիք›› կենտրոն՝ ‹‹Ի հուշ մեծ Եղեռնի››

ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ‹‹Ի հուշ մեծ Եղեռնի›› ծրագրի շրջանակում դեռևս փետրվար ամսից հայտարարել էր մրցույթ, որին մասնակցեցին կենտրոնի տարբեր խմբակների սաներ՝ ներկայացնելով անհատական և խմբային դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ: Ուշագրավ էր ռադիոկապի խմբակի սաների կատարած աշխատանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ընտանիք» կենտրոնին տրված ժամանակավոր հատուկ լիցենզիայի հիման վրա սաները ապրիլի 24-ին ուղիղ կապ հաստատեցին տարբեր երկրների ռադիոսիրողների հետ` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելով և իրազեկելով  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Ազդականչը կշարունակվի շուրջ մեկ ամիս, որի ընթացքում սաները կհաղորդակցվեն աշխարհի 100-ից ավելի երկրների հետ: Նշենք նաև, որ «Ընտանիք» կենտրոնի ռադիոկայանը ՀՀ-ում գործող երկու սիրողական կոլեկտիվ ռադիոկայաններից մեկն է:
Ապրիլի 29-ին մրցույթի արդյունքում լավագույն ստեղծագործական աշխատանքներ ներկայացրած թվով 35 սան՝ որպես խրախուսանք մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սաները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանության թանգարանում ուսումնասիրեցին հարյուրամյա պատմության ողբերգական դրվագները, վավերական մանրամասները և իրեղեն ապացույցները։ Հեռացան տպավորված, տխուր մտորումներով և արդարության հաղթանակի հասնելու մղումով:
Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկում՝ Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին: Նրանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, հատկապես հին դարերի ստեղծագործողների պատկերազարդ աշխատանքները: 
Օրը  սաների համար ուսանելի էր, արդյունավետ և լի տարաբնույթ տեղեկություններով:
 
Հ. Սարգսյան
            
02/05/2017