You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 1-ին փուլի ամփոփում

Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ,  Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին: 
Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների կազմակերպմամբ բացահայտել և նպաստել մանկավարժների մասնագիտական կարողությունների ձևավորմանը:
Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կրթական ծրագիրը և դրա կարևորությունը, փաստեց նաև նախորդ տարիների ձեռք բերած արդյունքները:
5-օրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժներն ուսումնասիրեցին «5-18 տարեկան դեռահասների արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում», «Մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերի կազմման եղանակները», «Համայնքային հետազոտության իրականացման և լրացուցիչ կրթության կարիքների հայտնաբերման մեթոդների  ուսումնասիրում» թեմաները: 
Խմբային աշխատանքների և դերախաղերի միջոցով մանկավարժները ներկայացրին սեփական համայնքների հիմնախնդիրները, նախընտրելի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտությունը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրենց կազմած մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերը։ 
Ծրագրի շահառուները վերապատրաստող մանկավարժ Անուշ Մկրտչյանի հետ քննարկեցին, վերլուծեցին նրանց կատարած գործնական հանձնարարությունները և կիրառելիության արդյունավետությունը:
Արտադպրոցական կրթության իրականացման տեսական դասընթացներից զատ՝ մանկավարժներն, ըստ իրենց նախընտրած մասնագիտությունների, մասնակցեցին կենտրոնի ուսուցողական խմբակներում գործնական պարապմունքների: Կենտրոնի մասնագետները մեծ ջանասիրությամբ իրենց հմտությունները և մասնագիտական փորձը փոխանցեցին համայնքաբնակ մանկավարժներին: 
Մարտի 30-ին ամփոփվեցին վերապատրաստման դասընթացների արդյունքները՝ կլոր սեղան-քննարկմամբ, որին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, աշխատակիցներն ու վերապատրաստվող մանկավարժները: Վերջիններս բարձր գնահատեցին կենտրոնի իրականացրած գործունեությունն արհեստի ու արվեստի պահպանման, դեռահասների զբաղվածության ապահովման, կրթման, մասնագիտական կողմնորոշման և շնորհալի սաների  բացահայտման գործում: Նրանք ողջունեցին ծրագրի իրականացման գաղափարը և համագործակցությունը սահմանամերձ, բարձրադիր համայնքների հետ: 
Համատեղ քննարկումների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու առաջարկներ՝ դասընթացների կազմակերպման և հետագա համագործակցության հեռանկարների մասին: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ: 
Կրթական ծրագրի վերաբերյալ վերապատրաստվածների արտահայտած տպավորություններն ու առաջարկությունները փաստեցին, որ արդյունքն իսկապես գոհացուցիչ էր, սպասելիքներն ու ակնկալիքներն՝ արդարացված: 
 
Հ. Սարգսյան
         
30/03/2018