You are here

«Ամեն մի հայ Հայաստան է» խորագրով սեմինար-միջոցառում

Նորանկախ պետականության ամենամեծ նվաճումը՝ Հայոց բանակի կազմավորումն է: Հունվարի 28-ը թերևս յուրաքանչյուրիս տոնն է, և կենտրոնում անցկացված՝ «Ամեն մի հայ Հայաստան է» խորագրով սեմինար-միջոցառումը նվիրումն է այն հայորդիների, ովքեր երկրի անվտանգության ու պաշտպանության թիվ մեկ երաշխավորն են:

Միջոցառումը սկսվեց ՀՀ դրոշի մուտքով և մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի ու նրանց ծնողների առջև:

«Երեք տասնամյակում երեք պատերազմով անցած զինված ուժերի պատմական ուղին» խորագրով սեմինարը վարեց պատմաբան, արցախյան գոյամարտերի մասնակից, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի պատասխանատու՝ Արա Նախշքարյանը: Վերջինս խոսեց Հայաստանի առաջին հանրապետության բանակի կազմավորման, զինվորի ներկայիս բարոյական կերպարի ձևավորման, հասարակության մեջ բանակի դերի բարձրացման, հայրենասիրության թեմաների շուրջ: Բանախոսը կիսվեց նաև հայրենիքի պաշտպանական մարտերում միասնականության, համառ պայքարի ոգու կերտման, հայրենասիրության նվիրումի մասին:

Գեղարվեստական ելույթներով հանդես եկան կենտրոնի երաժշտարվեստի, մարտական արվեստի խմբակների սաները: Համերգացանկում ներառված էին այն ստեղծագործությունները, որոնք ծնվել են պատերազմական տարիներին, մարտի դաշտում, ու այսօր էլ այդ կատարումները բազմապատկում են զինվորի բազկի ուժը, դաստիարակում սերունդը, համախմբում ազգը։

Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, մանկավարժներ, ծնողներ, խմբակների սաներ:

Կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավարն ելույթի խոսքում նշեց.

«Հայ ազգն ուժեղ է նախևառաջ շնորհիվ այն բանի, որ ավելի լավ գիտի խաղաղության գինն էլ, պատերազմի իմաստն էլ, և գիտակցելով այս ամենը մենք ավելի ենք ամրացնելու մեր պաշտպանական միջնաբերդը: Մեր հայրենիքում զինվոր ենք բոլորս, անկախ մասնագիտությունից մինչև գերագույն հրամանատար: Մենք մեր խաղաղությունն ու անվտագությունը պահպանող երկիր-բանակ ենք, մշտարթուն սահմանապահ և մարտի պատրաստ ազգ-բանակ, հետևաբար հայրենիքի պաշտպանությունը սկսվում է յուրաքանչյուրիս արժանի կերպով աշխատանքի արդյունքում, կենտրոնում ծավալվող աշխատանքն ևս ասվածի վստահությունն է»:

«Ամեն մի հայ Հայաստան է» խորագրով միջոցառումն ևս մեկ անգամ արժևորեց հայրենիքի պաշտպանի անմնացուրդ նվիրումն ու, հանուն հայրենիքի նահատակված հերոսների անմահ հիշատակը, արժանավայել շարունակելու հերոս քաջորդիների պատգամը:

31/01/2025