Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցը։ Առաքելությունը բոլոր ժամանակների համար նույնն է մնացել, այն բարձրի ու վեհի երկխոսությունն է հին և նոր ժամանակների խաչմերուկում։ Հենց այդ խաչմերուկ էլ ոլորտում իր ավանդն ու ներդրում է ունենում նաև ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը: Թատրոնի միջազգային օրվան նվիրված կենտրոնի թատերական արվեստի խմբակը հանդիսատեսի դատին հանձնեց Աստվածաշնչյան առակի՝ «Անառակ որդու վերադարձը» բեմադրությունը։ Մինչ ներկայացման դիտումը սաները հայ թատերարվեստում հանրահայտ դերասանների թողած ժառանգության, երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումների ստեղծարար մտքերը ներկայացրին: Այնուհետև տեղի ունեցավ թատերական մրցանակաբաշխություն, մշակութային գեղեցիկ ավանդույթով՝ «Լավագույն դերասան» , «Լավագույն դերասանուհի», «Լավագույն բեմական խոսք» , «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Թատերական խմբակին անբասիր ծառայության համար» անվանակարգերում պատվոգրերով պարգևատրվեցին խմբակի սաները: Քրիստոնեական դաստիարակության խորհրդով ներկայացման հերոսներին հաջողվեց բարոյախրատական առակի ուղերձը հասցնել հանդիսատեսի գիտակցական մակարդակին և հոգուն։ Պրեմիերային ներկա էր նաև Արցախի Հանրապետության Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն՝ Աշխեն Հարությունյանն, ով սաների թատերական խաղի մասին կարծիք հայտնեց, ողջունելով նրանց արտիստիկ կերպարները։
«Ապաշխարությունը դեպի Աստված, հայրենի տուն դառնալու մեր որոշումն է և կյանքը փոխելու ձգտումը, իսկապես փոքրիկ դերասանները շատ հետաքրքիր դրվագներով այս ամենի մասին խաղացին, խաղում էին, համոզիչ և ամենակարևորը, որ կերպարում այնքան իրական էին։ Ողջունելի է, որ անկաշկանդ եք բեմում և հետաքրքրիր կլիներ ձեզ հետ թատերական այլ ներկայացումներ ևս բեմադրել։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, խմբավարին, տնօրինությանը, որ բարձր եք պահում քրիստոնեական արժեքները, սրանք շատ կարևոր են»,-ասել է Աշխեն Հարությունյանը։