Հետևեք մեզ.

ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ պատմություն

 

Գյումրին մշակույթի, արհեստների ու արվեստների քաղաք է, կրթության արժեքն իմացողների ու գնահատողների քաղաք… ուրույն է իր ստեղծագործ ոգով, հնամենի, ինքնատիպ ու ներդաշնակ ոճով և ճարտարապետությամբ 
Մենք անցել ենք հազարամյակների ճանապարհ՝ բազում հաղթանակների և դառը կորուստների… 1988 թվականը ընդհատեց մի հրաշալի, տիպիկ հայկական քաղաքի հետաքրքիր կյանքի ընթացքը. լռություն իջավ հնամյա քաղաքի եռուն անցուդարձի վրա, կյանքը կարծես կանգ առավ մեկ ակնթարթ:
Սակայն ավերված ու ցուրտ քաղաքում որբացած ու հաշմանդամ, սոցիալապես անապահով ու հոգեպես ծանր վիճակում գտնվող բազմաթիվ երեխաներ ունեին ջերմության,  խնամքի և օգնության կարիք:
Ստեղծված ծանր իրավիճակում արագ լուծում պահանջող այս հիմնախնդիրներն էին, որ ստիպեցին ստեղծելու այնպիսի մի հաստատություն, որը կհամախմբեր և կաջակցեր որբացած, անդամալույծ և կարիքավոր երեխաներին կօգներ ինչպես նյութապես, այնպես էլ բարոյապես։ 
Նախաձեռնողները դեռ շատ դռներ պիտի թակեին, մինչև կգտնեին իրենց համախոհին, ով կաջակցեր նպատակների իրագործմանը: 1991 թվականին արդեն «Հայուրալսիբշին» միավորումը տրամադրեց մոդուլային մասնաշենք և որոշ անհրաժեշտ այլ միջոցներ՝ կրթամշակութային հաստատություն հիմնելու համար։ 1991 թվականին «Ընտանիք» բարեգործական ընկերությունը ՀՀ Լուսավորության նախարարության հետ համատեղ ստեղծեց «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ Գյումրի քաղաքի դեռահասների բազմաբովանդակ մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով։  Նույն թվականի մարտի 24-ին կենտրոնն ընդունեց սաների. մեկ տասնյակից ավելի դասասենյակ-արհեստանոցներ,  մարզադահլիճ, ակումբ, անհրաժեշտ այլ սենյակներ, հարմարավետ միջանցքներ և ճաշարան-խոհանոցով հագեցած:
Նորաբաց կազմակերպությունն  ուներ հստակ առաքելություն. նպաստել ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ ունեցող և բազմանդամ ընտանիքների երեխաների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները: 
Կենտրոնի դերն ու նշանակությունը դարձավ նաև արհեստի ու արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ ստեղծագործական աշխատանքի և ուսուցման միջոցով դեռահասների նպատակային զբաղվածության ապահովումը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումը, մասնագիտական կրթության ուսուցմամբ ապագա գործազրկության խնդրից խուսափումը։ Ստեղծված էին բոլոր պայմանները՝ երեխաների ներդաշնակ ուսուցումն ու ժամանցը լիարժեք կազմակերպելու համար։ Կրթական հաստատությունը հնարավորություն ստեղծեց իրականացնելու նաև սոցիալական բնույթի ծրագրեր, որոնք առավել նպաստեցին կենտրոն-սան փոխադարձ հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:
Տարեցտարի ընդլայնվեց կենտրոն հաճախող սաների թիվը և ուսուցանվող մասնագիտությունների ցանկը։ Գործող խմբակներին ավելացան նորերը: Հաշվի առնելով կենտրոնի գործունեության կարևորությունը, փայտաշեն շինության արդեն խարխլված վիճակը, սաների թվի կտրուկ աճն ու  սահմանափակ տարածքային հնարավորությունները «Ընտանիքի» ռազմավարական ծրագրերից դարձավ նոր մասնաշենքի կառուցումը: 
2008 թվականի հոկտեմբերի 15-ին շահագործման հաձնվեց կենտրոնի նոր մասնաշենքը. հարմարավետ ու լուսավոր խմբասենյակներով, որոնք հագեցած էին արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ ուսուցողական սարքավորումներով, նյութերով, գործիքներով և համապատասխան գույքով: 
Շենքը կառուցվեց  միջազգային չափանիշներին համապատասխան, ապահովվեց կոմունալ, կենտրոնական ջեռուցման և անվտանգության համակարգերով: Իր գործունեության տարիների ընթացքում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեծ հեղինակություն ձեռք բերեց թե՛ Գյումրի քաղաքում, թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում: Պարբերաբար կազմակերպվեցին քաղաքային, մարզային և տարածաշրջանային կրթական, մշակութային միջոցառումներ: Կենտրոնը, կարևորելով հայ ազգի համախմբվածության դերն անկախ պետականության ամրապնդման գործընթացում, տարաբնույթ կրթամշակութային ծրագրերի շրջանակներում համագործակցել և սերտ հարաբերություններ է հաստատել ՀՀ մարզերի, Ջավախքի կրթամշակութային օջախների ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:  Կենտրոնն ավարտելուց հետո սաներին տրվում են ձեռք բերած գիտելիքներին և կարողություններին համապատասխան վկայականներ։ 
Մեր պարտքն է մասնակից լինելու բանիմաց ու կիրթ, քրիստոնյա ու հայեցի սերունդ կրթելու պատվախնդիր գործին: 
«Ընտանիք»-ն այն տեղն է, ուր միշտ կարող ես վերադառնալ, ուր միշտ կգտնես սեր, ջերմություն, վստահություն, նվիրվածություն…