«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին»։
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գիրք նվիրելու օրը բացառիկ նշանակություն ունի ընթերցող-գրադարան կապի ամրապնդման առումով. այն ավելի է ընդգծում գրքի և գրադարանի նշանակությունը: Լավագույն նվերը գիրքն է, իսկ գիրք նվիրելը՝ առաքելություն, մեր հոգևոր զարթոնքի գրավականն է։ Ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը մի շարք միջոցառումներով անցկացրեց ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը։ Հաստատության՝ թատերական արվեստի, լրագրության, մեդիագրագիտության, խմբակների սաները Շիրակի մարզային գրադարանում մասնակցեցին «Վերնատունը վերնահարկում» խորագրով համատեղ միջոցառմանը։ Թատերական արվեստի խմբակի սաները գրական մթնոլորտը պարուրեցին թումանյանական շնչով, ընթերցող-հանդիսատեսին ներկայացրին հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Բարեկենդանը հեքիաթի բեմադրությունը։ Դեռահասներն ընթերցեցին հայ գրողների ստեղծագործությունները, ժամանակակից գրականություն, փոխանակեցին գրական մտքեր, և իհարկե օրվա խորհրդով պայմանավորված միմյանց նվիրեցին հետաքրքիր գրքեր։ Գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու նպատակ ունի նաև գիրք նվիրելու օրը։ «Ընտանիք» կենտրոնում այնուհետև տեղի ունեցավ գյումրեցի, ժամանակակից գրող Արա Արթյանի կյանքի վերջին տարիներին գրված, նրա մահից հետո տպագրված՝ Լույսը հողից է բարձրանում բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով կենտրոնի սաները, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները գեղարվեստական միջոցառմանն ընթերցեցին,ասմունքեցին Արա Արթյանի ժողովածուի ստեղծագործություններից։ Հնչեց բանաստեղծի կատարմամբ հայրենի քաղաքի՝ Գյումրիին, հայրենասիրությանը ձոնած բանաստեղծությունների ձայնագրությունները, որից հետո սաները ներկայացրին Արա Արթյանի սիրո, հանդուրժողականության, հարենասիրության թեմաների, իր ապրածի ու զգացածի մասին թղթին հանձնած գրական մտքերի մասին։ Մեկնաբանեցին, վերլուծեցին վերջինիս գրական ներաշխարհի զգացածը։ Գրական միջոցառանը ներկա էին բանաստեղծի այրին, գրչակից ընկերները։ ՀՀ գրողների միության անդամ, գրող Շնորիկ Շահինյանը Արա Արթյանի այրին՝ միջոցառման ավարտին կիսվեց իր ապրումներով ու տպավորություններով, խոսեց ամուսնու գրական աշխարհում թողած ժառանգության մասին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կրթօջախի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչներին, և իհարկե այս սերունդին ով պատրաստակամությամբ սովորել ու ճանաչել էր Արա Արթյանին։ Ժամանակակից գրականությունն ու գրողներին ճանաչելն այժմ բարդ է, բայց քանի դեռ դուք նման հաստատություն հաճախող սաներ եք, այստեղ զարկերակը ճիշտ տեղում է։ Ամուսինս իսկապես հրաշալի գրող էր, և այն ինչ դուք ասմունքեցիք հասկանալով, կարող եմ վստահաբար ասել մենք հաջողել ենք։ Կարդացեք և երբեք չդադարեք կարդալ մեծ գրողներից մինչև մեր օրերի ստեղծագործողներին, հավատացեք մեր ապագան կրթվածության մեջ է, մեր հայապահպանությունը կրթության մեջ է»,-ասել է Շնորիկ Շահինյանը։
Արցախից տեղահանված գրող Ռոբերտ Եսայանն ևս տպավորված էր սաների կատարողական արվեստով և մեծ հիացմունքով խոսեց վերջիններիս զգացմունքային ու գրական մոտեցումների մասին։
«Ես ուզում եմ իմ խոսքը պատանիների ասմունքի շնորհից սկսեմ, հիացած եմ, դուք կարողացաք հանդիսատեսին փոխանցել բանաստեղծի ապրածը, հույզերն ու ամենանվիրական զգացմունքները, հետաքրքիր էր նաև ստեղծագործությունների ընտրությունը, ինքս Արա Արթյանի գրիչը շատ եմ հավանում, յուրատիպ էր ստեղծագործում, ափսոս վաղամեռիկ իմ ընկերը շատ բան ուներ տալու, ես համոզված եմ, ձեր մեջ այս թողած ավանդը շարունակողներ կլինեն»,-ասել է Ռոբերտ Եսայանը։
Շնորիկ Շահինյանին գեղեցիկ անակնկալ հանձնվեց՝ Արա Արթյանի դիմանկարը, որը նկարել էր մանրանկարչության խմբակի շնորհալի սան Հայկ Սարգսյանը։ Բանաստեղծի նոր հրատարակված ժողովածուն արդեն սաների ձեռքից ձեռք է անցնում և ընթերցվում։ «Լույսը հողից է բարձրանում»՝ հիրավի այդպես է, այն հողը, որի վրա ամուր կանգնած ենք լույս է տարածում, լույս առ կրթություն, գրականություն։ Լուսավոր ապագան գրագետ սերունդ կրթելու գրավականն է, իսկ այդ գրավականը հավերժության լույսի ընծայումն է։ Նվիրենք միմյանց գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:
«Գիրքը կենաց ծառն է, որ դարերով ավյուն է տվել» խորագրով ընթերցանության, ասմունքի գեղարվեստական ցերեկույթն ավարտվեց կենտրոնի դուդուկի խմբակի սաների՝ Հայկական պարերգերի կատարմամբ։
Գեղարվեստական ղեկավար՝ Էլիզա Ֆրանգուլյան