ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը սեպտեմբերի 2-ին Գյումրու օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը ներկայացավ «Գյումրին արհեստների և արվեստների քաղաք» խորագիրը կրող հետաքրքիր ցուցահանդեսով: Մասնակցության նպատակն էր սաների ստեղծագործ աշխատանքների միջոցով ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, առաջացնել հետաքրքրություն Գյումրիին բնորոշ արհեստի ու արվեստի նկատմամբ, զարգացնել սաների ազատ և ինքնուրույն ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները, արժևորել հին քաղաքի պատմաճարտարապետական մշակութային ժառանգությունը, նպաստել ազգային մշակույթի տարածմանն ու պահպանմանը: Քաղաքային միջոցառմանը, ցուցահանդեսին մասնակցեցին կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները, սաներն ու ծնողներ: Գյումրու պատմական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում ցուցադրվեց դեկորատիվ կիրառական արվեստի արծաթագործության և փայտարվեստի խմբակների 40-ից ավելի սաների ձեռքի աշխատանքներում, ներառված էին նաև Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանողների գործերը, որոնք արժանացան մեծ հետաքրքրության հանրության կողմից:
Նշանակալի օրվա առիթով «Ընտանիք» կենտրոնի ստեղծագործ սաները գյումրվա կոլորիտն արտահայտող աշխատանքները, դրանց նշանակությունն ու պատմությունը առանձնակի սիրով ու մոտեցմամբ ներկայացրեցին հյուրերին և արժանացան գովեստի խոսքերի: Ցուցահանդեսով հեաքրքրված, քաղաք այցելած հյուրերն իրենց տպավորություններով կիսվեցին: