Գրադարանի «Վերնահարկ» սրահում ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբակի սաները ներկայացրին գրական ստեղծագործությունների ընկալումը արվեստագիտության տեսանկյունից:
Գրքարվեստը հավասարապես կարևոր է, երբ ընթերցողի մտապատկերում գրական տեքստին զուգահեռ ձևավորվում է կերպարի կամ տեսարանի նկարչական մեկնաբանումը, ինչը ավելի տպավորիչ է լինում, երբ ընթերցողն ընկալում է դասական ստեղծագործության և նկարչի միաձուլումը:
Խմբակի սաներն ընթերցել էին, ինչպես Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, այնպես էլ ժամանակակից գրողներ՝ Հակոբ Մուշի, Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոբերտ Եսայանի, Հովիկ Կարապետյանի գրական ստեղծագործությունները:
Հեքիաթներ, առածներ, բանաստեղծություններ և այլ ժանրի ստեղծագործությունների իրենց մեկնաբանությունները սաները ներկայացրել էին արվեստի լեզվով և վրձնել կտավին:
Ստեղծագործական լրագրության խմբակի սաներն ասմունքեցին, ընթերցեցին հայտնի գրականագետների արտահայտած կարծիքները մեծ լոռեցու մասին: Միջոցառում-ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամներ՝ Շնորհիկ Շահինյանը և Ռուբեն Եսայանը, վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտիքը հայտնեցին սաներին իրենց գրական հերոսներին պատկերելու համար:
Գրադարանում այսօրինակ միջոցառումներն առհասարակ նպաստում են դեռահասներին հաղորդակից դարձնելու գրական աշխարհին, ծանոթանալ գրքարվեստի ձևավորման աշխատանքների նրբություններին ևս:
Գրադարանի տնօրենի ժ/պ Սեդա Գևորգյանն ևս շնորհակալական խոսք հայտնեց «Ընտանիք» կենտրոնին մշտապես համագործակցության և արվեստի լեզվով գրական աշխարհն ավելի պատկերային դարձնելու համար: Որպես տարիների համագործակցության երախտիք մանրանկարչության խմբակի սան՝ Արթուր Հարությունյանը կենտրոնի անունից գրադարանին նվիրեց Հովհաննես Թումանյանի՝ իր ձեռակերտ դիմանկարը:
30-ից ավելի նկարչական աշխատանքները գրադարանի ցուցասրահում մնացին ևս մի քանի օր: