You are here

«Երգիծանքի գույները արվեստաբանի ներկապնակում» խորագրով ցուցահանդես-միջոցառում

«Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ «Երգիծանքի գույները արվեստաբանի ներկապնակում» խորագրով ցուցահանդես-միջոցառում, նվիրված գյումրեցի հայտնի երգիծաբան, նկարիչ և դհոլահար Սերյոժա Կարապետյանի (Կուժիկի) հիշատակին:

Ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին գեղանկարչության, բատիկայի, պարարվեստի, թատերական արվեստի, դհոլի և դուդուկի խմբակների սաները։

Ցուցահանդես-միջոցառումը բացվեց դհոլի խմբակի սաների խրոխտ կատարումով, այն հարգանքի տուրք էր՝ ժամանակի լավագույն դհոլահարի Սերյոժյա Կարապետյանի հիշատակին:

Գեղանկարչության և բատիկայի խմբակների սաները ծանոթանալով երգիծաբան, նկարիչ Սերյոժա Կարապետյանի արվեստին, ուսումնասիրելով նրա կյանքը, ստեղծագործական գործունեությունը, դերը երգիծանքի ասպարեզում, կատարել էին նկարչական աշխատանքներ երգիծական մանրապատումների հիման վրա։

Ցուցահանդես-միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ գեղանկարչության և բատիկայի խմբավար Արփինե Մանուկյանը՝ Կուժիկի թոռնուհին, վերջինս ներկայացրեց սաների կատարած ստեղծագործական աշխատանքների, արվեստաբանի ներկապնակի առանձնահատկությունները յուրացրած ու կիրառած հմտությունների մասին: Գեղարվեստական ելույթներով ներկայացան դհոլի, դուդուկի, պարարվեստի խմբակների սաները: Դհոլահար, երգիծաբան Կուժիկի կյանքի զվարճալի պատմությունները թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին բեմադրություններով: Ներկայացումները նաև հետաքրքիր զրույցներն էին Կուժիկի և երգիծաբան-դերասանների՝ Պոլոզ Մուկուչի, Ջղեր Խաչիկի, Ծիտրո Ալեքի ալեքպոլյան պատումների մասին:

Միջոցառմանը ներկա էին արվեստաբանի ընտանիքի անդամները, շնորհակալական խոսքով հանդես եկան դուստրերը, որոնք ներկայացրին հետաքրքիր փաստեր Կուժիկի ստեղծագործական աշխարհից: Վերջիններս գնահատեցին սաների աշխատանքները և շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին Կուժիկի հիշատակը վառ պահելու և նրա արվեստն արժեվորելու համար։

Ցուցահանդես-միջոցառման արդյունքում սաները բացահայտեցին Կուժիկ Կարապետյանին, որպես երգիծաբան և, որպես արվեստաբանի:

Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրենությունը մաղթեց սաներին ստեղծագործական վերելքներ, արժևորելով և պահպանելով գյումրվա մշակույթն ու սովորույթները։ Գնահատանքի խոսքեր հայտնեցին նաև ծնողները, վերջիններս կարևորեցին խմբավարի աշխատանքը, հայապահպան գործունեությունն ու մշակութային արժեքների սերմանումը սաների մեջ:

25/06/2024