You are here

«Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:
Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների հետ: Սաների մեջ սեր արթնացնել ընթերցանության հանդեպ, բացահայտել կենտրոնի ստեղծագործող սաներին և ապահովել թղթակցությունը «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթին:     
Կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահի ոգեվառ մթնոլորտն էլ ավելի թեժացրեց Եղեգան փողից դուրս հորդող լույսը…
Ցերեկույթն սկսվեց ներկա գտնվող բանաստեղծների խորհրդանշանական գործերի ընթերցմամբ: Այնուհետև սաներն ներկայացրեցին նրանց ստեղծագործական ուղին` համադրված ֆիլմերով ու սահիկներով, դուդուկի ու երգչախմբի անզուգական կատարմամբ: 
Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը ողջույունի խոսքը  սկսեց իր հեղինակած ժամանակին համահունչ Սահմանին բանաստեղծության ընթերցումով:
Առաջին անգամ չէ, որ Ընտանիք կենտրոնում կազմակերպվում է նմանատիպ բարձրակարգ միջոցառում, և մենք չենք զարմանում, այլ համոզվում ենք, որ կենտրոնի սաներն իրենց բարձրության վրա են: Այս միջոցառումը յուրօրինակ բանաստեղծական տոն կարելի է համարել գրողներիս համար: Այն խորհրդանշական նվեր է Եղեգան փող-ի խմբագրակազմի համար. մեզանից առաջ թերթի հոբելյանական 25-ամյակին նվիրված անդրադարձը դուք կատարեցիք: Դա պարտավորեցնում և ոգևորում է մեզ, որպեսզի գրական հունձքը հետայսու ավելի առատ լինի…, - իր խոսքում նշեց բանաստեղծ Ա. Կարապետյանը: 
Աշխույժ հարց ու պատասխանի անկաշկանդ մթնոլորտում գրողները պատասխանեցին սաների և մանկավարժների հարցերին, անդրադարձան Եղեգան փող-ի ստեղծման պատմությանն ու հավատամքին: 
Պարբերաթերթի խմբագիր, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը նշեց, որ այսօրինակ հանդիպումները կյանքի ու արվեստի, փորձի ու փորձառության մեծ խտացումներ են, որոնք կանխորոշում են մեր հնարավոր հանդիպումներն ապագայի հետ` ի դեմս Ընտանիք կենտրոնի պայծառ աչքերով սաների…
Արձակագիր և մանկագիր Շնորհիկ Շահինյանն էլ առջարկեց շարունակական դարձնել հանդիպումները, քանզի գրող-ընթերցող անմիջական շփումը երկուստեք մեծ լիցքեր ու կենսականություն է տալիս և, անշուշտ, խթանում է սաների ընթերցասիրությունը…
Միջոցառման ավարտին բանաստեղծներն իրենց գրքերից նվիրեցին Ընտանիք կենտրոնի գրադարանին և  ընթերցասեր սաներին` լիահույս, որ հաջորդ հանդիպումը չի ուշանալու:
Բարձրագույն կրթություն չեն ստանում միայն բուհերում, այլ հենց նմանատիպ կենտրոններում, որտեղ հայրենասիրությունը, հայեցիությունն ու գրասիրությունը համակցվում են ազգային արհեստի ու արվեստի ուսուցմամբ.... հանդիպումն այսպես ամփոփեց ԼուսինեԱղաջանյանը:
 Զուբեյդա Հովհաննիսյան
      
 
14/11/2017