You are here

«Ընտանիք» կենտրոնի երգիչ կատարողների փայլուն հաղթանակը

Մարտի 20-ին Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Երիտասարդ երաժիշտ կատարողների 3-րդ հանրապետական Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնին:
Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության փորձառություն:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների, ուսումնարանների շուրջ 94 սան և անհատ կատարողներ: 
«Ընտանիք» կենտրոնը ներկայացնող երգարվեստի խմբակի չորս սաները հանդես եկան երկու անվանակարգերում՝ «Դասական վոկալ» և «Ժողովրդական»՝ գերազանց ներկայացնելով իտալական և հայկական ժողովրդական ստեղծագործություններ:
Մրցույթի արդյունքում Ռուբիկ Ասատրյանը և Անգելինա Պապիկյանը երրորդ տարիքային խմբում, «Ժողովրդական» անվանակարգում համապատասխանաբար զբաղեցրին 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը, իսկ առաջին տարիքային խմբի նույն անվանակարգում Գառնիկ Ավագյանը՝ 1-ին տեղը: «Դասական վոկալ» անվանակարգում երկրորդ տարիքային խմբում իր կատարողականությամբ և ձայնային տվյալներով փայլեց Նորայր Հակոբյանը՝ արժանանալով 1-ին մրցանակին:
Մարտի 29-ին ի պատիվ հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակակիրների՝ «Ընտանիք» կենտրոնում կազմակերպվեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Հաղթանակի արժանացած սաները հանդիսատեսին ներկայացրին փառատոնի ընթացքում հնչած իրենց կատարումները:
Միջոցառմանը Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի փոխնախագահ Վիգէն Թանաշեանը, բարձր գնահատելով նորաստեղծ երգարվեստի խմբակի աշխատանքը, մրցույթ-փառատոնի մրցանակակիրներին պարգևատրեց պատվոգրերով:
Շնորհավորում ենք «Ընտանիք» կենտրոնին՝ հերթական հաղթանակի կապակցությամբ:
 
Հ. Սարգսյան
30/03/2018