Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:
Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց գյումրեցի սիրված երգիչ, «Ընտանիք» կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի խմբավար Կարեն Աթոյանը: Հնչած երգերի ներքո դահլիճում հայրենասիրական ոգին առավել ամրացավ՝ ոգեշնչելով և անասելի հուզմունք հաղորդելով ներկաներին:
Հանդիսության ավարտին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտոնին՝ միջոցամանն ակտիվ մասնակցություն ունենալու համար:
«Ընտանիք» կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանը տնօրինության և մանկավարժական հանրույթի անունից շնորհավորեց Երիտասարդական կենտրոնի գործունեության հոբելյանական տարելիցը և տիկին Թադևոսյանին հանձնեց հուշանվեր՝ սաների ձեռքով պատրաստված գորգ:
«Մեր կենտրոնն արդեն մի քանի տարի արդյունավետորեն համագործակցում է Ջավախքի կրթամշակութային հաստատությունների հետ և տեսել է կատարված բազմածավալ աշխատանքը: Հայրենիքից դուրս անգհահատելի է Ձեր կենտրոնի ծավալած գործունեությունն ու ներդրումը հայի ազգային դիմագիծը պահպանելու և սերունդներին հայեցի դաստիարակելու գործում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և կենտրոնի աշխատակիցներին ու տնօրինությանը մաղթում աշխատանքային վերելքներ՝ շարունակելով ստեղծագործել և պահպանել հայկական շունչն ու մշակույթը»,- նշեց իր ելույթում Ս. Պետրոսյանը:
Հարկ է նշել, որ «Ընտանիք» կենտրոնը, կարևորելով ազգային մշակույթի պահպանման ու տարածման անհրաժեշտությունը, հայ ազգի համախմբվածության գործոնը տարիներ շարունակ տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր է իրականացրել և սերտ հարաբերություններ հաստատել Ջավախքի կրթամշակութային օջախների հետ:
Հ. Սարգսյան
20/03/2018